Լրահոս
հոկտեմբերի 18 • 08:13, 2025

Լեռնային պայմաններում փրկարարական հմտությունների կատարելագործում. անցկացվել է վերապատրաստման դասընթաց

ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատում հոկտեմբերի 13-17-ն անցկացվել է «Նախնական լեռնային պատրաստություն՝ մինչև լեռնագնացության 3-րդ կարգ ներառյալ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը կազմակերպել էր Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը: 
 
Դասընթացի նպատակը լեռնային պայմաններում աշխատանքներ իրականացնելիս մարզային վարչության փրկարարների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելն էր:

Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական մասերից:  Հնգօրյա դասընթացի ընթացքում փրկարարները վերազինվել են անհրաժեշտ հմտություններով, որոնք կարևորվում են լեռնային պայմաններում արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար։ 

Փրկարարները ձեռք են բերել լեռներում վնասվածքներ ստացած տուժածին զննելու, առաջին օգնություն ցուցաբերելու և առանց հատուկ սարքավորումների կիրառմամբ լեռնային դժվարամատչելի տեղանքով անվտանգ վայր տեղափոխելու հմտություններ։
  
Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին տրվել են վկայականներ: