Հայաստանին սպառնացող աղետներ
ՀՀ տարածքին բնորոշ բնական արտակարգ իրավիճակներ
1. Ընդհանուր հասկացություններ
Բնական արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Տարերային աղետը` բնության ուժերի կամ երևույթների ազդեցությամբ առաջացած աղետ, ավերիչ բնական և (կամ) բնական-անտրոպոգեն պրոցես (մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երևույթ կամ ընթացք) է, որի հետևանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը, նյութական արժեքների ավերածություն կամ ոչնչացում, բնակչության գործունեության, կյանքի պայմանների և շրջակա միջավայրի անդառնալի փոփոխություններ։
2. Վտանգավոր երկրաբանական երևույթներ և ընթացքներ
Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած երկրակեղևում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։
Երկրաշարժ
Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։
Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) և ավերիչ (8 և ավելի բալեր)։
Սողանք
Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի և լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ընթացքների հետևանքով։
Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին և մանր) և ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր և դանդաղ)։
Դարափուլ(քարաթափում)
Լեռների և ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով։
3. Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երևույթներ և ընթացքներ
Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։
Սելավ
Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի և փուխր բեկորային ապարների խառնուրդից և հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրևների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաև՝ քարակարկառների և անցկալների ճեղքման հետևանքով։
Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին և թույլ հզորությունների)։
Ձնահյուս
Լեռների զառիվար լանջերով դեպի ներքև արագ, հանկարծակի առաջացող ձյան և (կամ) սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի և առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։
Հեղեղում
Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետևանքով, ինչպես նաև ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։
Գետավարարում
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միևնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետևանքով և բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած և տևական ջրի մակարդակի բարձրացմամբ՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։
Հորդացում
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը կարող է բազմիցս կրկնվել տարվա տարբեր եղանակներին, բնութագրվում է ջրի ծախսի և մակարդակի կտրուկ ու կարճատև բարձրացմամբ և առաջանում է անձրևների և ձնհալքի հետևանքով՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։
Ջրակալում
Գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը խախտում է տարածքի բնականոն օգտագործումը, շինարարությունը և դրա վրա տեղադրված օբյեկտների շահագործումը։
Ջրածածկում
Գետավարարման կամ հորդացման ժամանակաշրջանում տարածքների ծածկումը ջրով։
Ցածր նվազամակարդակ
Ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։
4. Վտանգավոր օդերևութաբանական երևույթներ և ընթացքներ
Մթնոլորտում առաջացած բնական երևույթներ և ընթացքներ տարբեր բնական գործոնների կամ դրանց միասնական ազդեցությամբ, որոնք ունեն կամ կարող են ունենալ խոցող ներգործություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։
Ուժեղ քամի
Օդի շարժումը երկրի մակերևույթի նկատմամբ այնպիսի արագությամբ կամ արագության հորիզոնական բաղադրիչով, որը 14մ/վ-ից ավելի է։
Փոթորկանք
Քամու կտրուկ կարճատև ուժգնացում մինչև 20-32 մ/վ, որն ուղեկցվում է փոխանցական (կոնվեկցիոն) ընթացքների հետ կապված դրա ուղղության փոփոխմամբ։
Փոթորիկ
Ավերիչ ուժգնությամբ և զգալի երկարատևությամբ քամի, որի արագությունը գերազանցում է 32 մ/վ։
Ցիկլոն
Օդի ցածր ճնշմամբ և քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արևադարձային գոտիներում և հանգեցնում ավերածությունների և մարդկային զոհերի։
Արևադարձային ցիկլոնի տեղական անվանումը՝ տայֆուն է։
Մրրիկ
20 մ/վ-ից ավելի արագությամբ երկարատև շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում և ավերածություններ ցամաքում։
Պտտահողմ
Մթնոլորտային գոյացություններ ուղղահայաց կամ թեք առանցքի շուրջ՝ օդի պտտողական շարժումով։
Մրրկասյուն
Ավերիչ ուժ ունեցող ուժեղ մեծածավալ մթնոլորտային պտտահողմ՝ մոտ 1000 մ տրամագծով, որտեղ օդի պտտային արագությունը հասնում է 100 մ/վ։
Տևական անձրև
12-ից 48 ժամվա ընթացքում 70 մմ-ից ոչ պակաս հեղուկ տեղումների քանակ, որը կարող է առաջացնել գետերի հորդացումներ, ջրածածկումներ։
Տեղատարափ
Կարճատև մթնոլորտային տեղումներ՝ մեծ ուժգնությամբ, սովորաբար անձրևի կամ ձյան տեսքով։ Քանակը՝ 30 մմ և ավելի՝ մինչև 1 ժամվա ընթացքում։
Կարկուտ
Մթնոլորտային տեղումներ, որոնք գալիս են տարվա տաք ժամանակաշրջանում 5 մմ մինչև 15 մմ (20 մմ-ից ավելիի դեպքում՝ խոշոր կարկուտ) տրամագծով խիտ սառցամասնիկների տեսքով, սովորաբար տեղատարափի հետ համատեղ ամպրոպի ժամանակ։
Ուժեղ ձյունատեղում
Երկարատև ուժգին ձյունաթափում, որը բերում է տեսանելիության զգալի նվազեցմանը և փոխադրամիջոցների երթևեկության դժվարեցմանը (խափանմանը)։ Քանակը 20 մմ և ավելի՝ մինչև 12 ժամվա ընթացքում։
Ամպրոպ
Մթնոլորտային երևույթ, կապված հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ, ուղեկցվող երկնքի և երկրի միջև բազմաթիվ էլեկտրական պարպումներով, ձայնային երևույթներով, ուժեղ տեղումներով, երբեմն կարկուտով։
Մերկասառույց
Խիտ սառույցի շերտ, որն առաջանում է երկրի մակերևույթի վրա անձրևի կամ մառախուղի գերպաղած կաթիլների սառցակալման դեպքում։
Ուժեղ ձնաբուք
Երկրի մակերևույթի վերևում ուժեղ քամու միջոցով ձյան տարածում, հնարավոր է տեղացող ձյան հետ մեկտեղ, որը հանգեցնում է տեսանելիության նվազեցմանը և հաղորդակցուղիների խափանմանը։ 12 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով։