ապրիլի 25 • 10:03, 2025
Հայ փրկարարները մասնակցել են միջազգային վերապատրաստման դասընթացի
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մոսկվայում մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության INSARAG խմբի համակարգման և կառավարման համակարգերի (ICMS) կիրառմանն ուղղված միջազգային վերապատրաստման դասընթացին։
Դասընթացն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում, որին ներգրավված են եղել մասնակիցներ Հայաստանից, Իրանից, Բելառուսից, Ռուսաստանից, Չինաստանից, Հորդանանից, Մալայզիայից, ԱՄԷ-ից և Օմանից։
Հայաստանը միջազգային վերպատրաստման շրջանակներում ներկայացրել է նաև դասընթացավարի կարգավիճակով մասնագետ։
ՄԱԿ INSARAG միջազգային չափորոշիչներով վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին հմտացնել ICMS համակարգի կիրառման մեջ, որն արտակարգ իրավիճակների պայմաններում թույլ է տալիս տվյալների արագ փոխանցում դեպքի վայրից համակարգման կենտրոններ՝ խելախոսների և նմանատիպ սարքերի միջոցով։ Այս գործընթացը էապես նպաստում է միջազգային առաքելությունների ժամանակ թիմերի որոնողափրկարարական գործողությունների արդյունավետ համակարգմանը, արագ որոշումների կայացմանը և ռեսուրսների օպտիմալ բաշխմանը։ Անդրադարձ է եղել նաև ICMS-ի գործնական կիրառման առանձնահատկություններին, տեղեկատվական հոսքերի կառավարման մեթոդներին և INSARAG ՔՈՓ թիմերի համակարգման փորձին։
ICMS միջազգային վերապատրաստումը կարևոր ներդրում է հանդիսանում փրկարարական ստորաբաժանումների կարողությունների զարգացման, միջազգային համագործակցության խորացման և արտակարգ իրավիճակների ժամանակ արդյունավետ ու համակարգված արձագանքման ապահովման գործում։