ԼրահոսՏեսանյութեր

Վերապատրաստվել են Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ծառայողները

փետրվարի 11 • 08:52, 2025

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ փետրվարի 3-ից 6-ը Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատում անց է կացվել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպած «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարում էին Կենտրոնի մասնագիտական վերապատրաստման գլխավոր մասնագետ-հրահանգիչները։

Դասընթացը բաղկացած է եղել և՛ տեսական, և՛ գործնական մասերից, որոնց նպատակն էր կատարելագործել հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունները ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ վթարափրկարարական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ծանոթացնել նորարարական մեթոդներին։ Տեսական դասընթացների ընթացքում փրկարարներին ներկայացվել են ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակները և վերջիններիս դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման, միևնույն ժամանակ ՃՏՊ-ներից տուժածներին առաջին օգնության ցուցաբերման առանձնահատկությունները, ինչպես նաև փրկարարների կողմից կիրառվող սարքավորումների, տեխնոլոգիաների և անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված մի շարք հարցեր: Կարևորելով ՃՏՊ-երի դեպքում տուժածներին օպերատիվ և ճիշտ օգնության ցուցաբերումը, քննարկվել են ամենատարածված վնասվածքները, դրանցից յուրաքանչյուրի դեպքում աշխատելու նրբություններն ու կիրառվող սարքավորումները: 

Հատուկ ուշադրություն է դարձվել դասընթացի գործնական մասին, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Մասնավորապես գործնական պարապմունքները վերաբերում էին ՃՏՊ-երի առավել բարդ տեսակներին՝ կողաշրջված, ձորում կամ դժվարամատչելի տեղանքում վթարված մեքենաներին և հետևանքների վերացմանը, ավտոմեքենայի ճիշտ և անվտանգ ֆիքսման աշխատանքներին, ինչպես նաև փրկարարական սարքավորումների կիրառմամբ տուժածներին մեքենայից դուրսբերմանը:

«Առաջին հերթին մենք փրկարարներին ներկայացնում ենք ինչպես ճիշտ կազմակերպել ՃՏՊ-ների հետևանքների վերացման գործընթացը, ինչ գործիքներ օգտագործել, միևնույն ժամանակ ինչպիսի ժամանակակից մեթոդներ կարելի է կիրառել, երբ չկան համապատասխան գործիքներ: Անդրադարձ ենք կատարել ՃՏՊ-ների առավել բարդ տեսակներին, հատկապես հաշվի առնելով Հայաստանին բնորոշ լեռնային տեղանքներում ռելիեֆի բարդությունը, երբ ՃՏՊ-ի հետևանքով մեքենան հայտնվում է ձորում, և այստեղ արդեն պետք է կիրառել ալպինիստական տեխնիկա և տեխնոլոգիա, իջնել դեպի մեքենան, ֆիքսել և նոր իրականացնել տուժածի դուրսբերումը»,- ասել է գլխավոր մասնագետ-հրահանգիչ Սերգեյ Գորդյուշինը:

Նմանատիպ դասընթացներին հրշեջ-փրկարարները ձեռք են բերում ոչ միայն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, այլ նաև վստահություն, որոնք խիստ անհրաժեշտ են ճանապարհատրանսպորտային պատահարներին արագ արձագանքելու և մարդկային կյանքեր փրկելու համար:

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ մասնակիցները ստացել են հավաստագիր-վկայականներ։