Բարձր նշաձող, որը պետք է պահել ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ. 2024 թվականի լավագույն ՀՓՋ հրամանատար Վարդան Աբովյան
հուլիսի 15 • 12:29, 2025
Դժվար է ասել, թե կյանքը ինչ հունով կտաներ Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Աբովյանին, եթե 2003 թվականին ականջալուր չլիներ հոր հորդորներին ու ծառայության չանցներ ոստիկանությունում։
«Մինչև 2017 թվականը ծառայել եմ ոստիկանությունում, 2018 թվականից արդեն տեղափոխվել եմ Փրկարար ծառայություն»,-ասում է Վարդան Աբովյանը:
Առաջին հայացքից կթվա, թե ոստիկանությունից փրկարար ծառայություն անցումը դյուրին է լինելու, բայց փորձառու ոստիկանը պատմում է. «Մինչև մեկ-երկու տարի շատ դժվար էի համակերպվում ծառայության հետ, իսկ հիմա շատ նվիրված եմ ծառայությանս. այստեղ գործառույթը, պարտականությունները վերածվել են մարդկային գործոնի, հոգատարության»:
Ասում է՝ ոստիկանությունում ծառայության 14 տարիների ընթացքում հազարումի դեպք-պատահարի է առնչվել, բայց անցած տարվա ջրհեղեղը երբեք չի մոռանա։ Հիշում է, թե ինչպես իր ջոկատի տղաների հետ մեկնեցին ահազանգի հետքերով՝ օգնություն ցույց տալու արհավիրքի ճիրաններում հայտնված մարդկանց։ «Շնող գյուղում մեքենա էր ընկել ձորը, ցավոք, զոհ ունեցանք: Տղաների հետ առաջինը գնացել ենք այնտեղ։ Անպատկերացնելի էր արհավիրքը… »,-հիշում է Վարդան Աբովյանը:
Այդ օրերին Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը օրուգիշեր հերթապահություն իրականացրեց աղետի գոտում՝ փրկելով 39 քաղաքացու կյանք։ Վարդան Աբովյանը սա իր ամենամեծ նվաճումն է համարում։ Բայց բարեխիղճ ծառայությունն աննկատ չմնաց. ճանաչվեց 2024 թվականի լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար։
«Միշտ ձգտել եմ ինչքան հնարավոր է՝ առաջ գնալ: Եթե ծառայում ես՝ պարտավոր ես առաջ շարժվել, ոչ թե տեղում դոփել, որովհետև տեղում դոփելով հետ ես գնալու»: Վարդան Աբովյանի այս միտքը լսելուն պես մի հարց է մտքիս գալիս՝ իսկ ինչպիսի՞ն պիտի լինի հրամանատարը. «Առաջին հերթին պիտի տիրապետի ծառայության նրբություններին, հասկանա անձնակազմին, նրանց ներաշխարհը: Պիտի ընդունի նրանց այնպիսին, ինչպիսին կան, ու հետո սկսի հրամանատարական քայլերը: Չպետք է խուսափի, վախենա ինչ-որ բանից, չպետք է խուճապի մատնվի՝ ինչքան էլ դժվար լինի»:
Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը հպարտությամբ ու միաժամանակ պատասխանատվության զգացումով է համակվել, երբ բարձր են գնահատել իր ծառայությունը։ Ասում է՝ լավագույնի կոչումը նշաձող է, որը պետք է բարձր պահել ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ։