Քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը՝ Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում
հունիսի 30 • 10:50, 2025
Ի՞նչ անել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում։ Ու՞ր գնալ և որտե՞ղ պատսպարվել։
Այս և այլ կարևոր հարցերի շուրջ քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով փրկարար ծառայողները շարունակում են իրականացնել իրազեկման աշխատանքներ։
«Բաժանվել են մոտ 3 հազար տեղեկատվական հուշաթերթիկներ, որոնց մեջ ներառված են օդային տագնապի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները, եթե նրանք գտնվում են տանը կամ այլ վայրում։ Միաժամանակ բոլոր շենքերի նկուղային հատվածների դիմաց՝ առաջին հարկերին, փակցված են օդային տագնապի հուշաթերթիկներ»,-նշում է Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ միջոցառումների նախապատրաստման բաժնի պետ Յուրի Գրեյանը։
Պետք է հիշել, որ «Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում, և անհրաժեշտ է պատսպարվել պաշտպանական կառույցներում։
Յուրի Գրեյանի խոսքով՝ բնակչության համար պաշտպանական պատսպարման վայր ծառայում են պարզագույն թաքստոցները. «Նկուղները, գետնախորշերը, հանքախորշերը, մետրոպոլիտենը պարզագույն թաքստոցների ամբողջություն են։ Փորձը ցույց է տվել, որ նկուղային հարկերն են ամենաանվտանգ վայրերը»։
Նկուղների պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ Փրկարար ծառայությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Մաքրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունն ամենամսյա կտրվածքով հավաքագրվում, վերլուծվում և ամփոփվում է։ Այդ գործընթացի նպատակը համայնքներում պատրաստվածության ընդհանուր մակարդակի գնահատումն է։
«Փրկարար ծառայության կողմից մշտապես իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ վստահ լինելու համար, որ բնակչությունը տեղյակ է, թե ինչպես պետք է վարվել ազդանշաններ լսելու դեպքում։ Ներկայումս Երևան քաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են շչակների փորձարկումներ, ինչը թույլ կտա հասկանալ բնակչության արձագանքը շչակների միանալու դեպքում»,-նշում է Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի պետ Մերի Առաքելյանը։
Որպեսզի շչակի ձայնը խուճապ չառաջացնի, Փրկարար ծառայությունը նախապես իրազեկում է բնակչությանը՝ օգտագործելով պաշտոնական հարթակները։
Իրական վտանգի դեպքում Փրկարար ծառայությունն ազդարարում է կապի և ազդարարման բոլոր միջոցներով՝ շչակներով ու բարձրախոսներով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով ու հեռախոսակապով, այդ թվում՝ բջջային կապի կարճ հաղորդագրություններով։