ապրիլի 12 • 00:25, 2025
Փրկարարները մարել են տների տանիքներում բռնկված հրդեհը
Ապրիլի 12-ին, ժամը 01։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի երեք տների տանիքներում (150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։27-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են տների տանիքների փայտե կառուցատարրերը և տներից մեկի բակում՝ կուտակած տախտակներ։