Լրահոս
դեկտեմբերի 05 • 09:13, 2024

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփում են նոյեմբեր ամիսը

Նոյեմբեր ամսվա ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրականացրել են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է ոչ միայն ապահովել արտակարգ իրավիճակներում հասարակության և պետական կառույցների պատրաստվածությունը, այլ նաև նպաստել արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, նվազեցնել հետևանքները և ամրապնդել բնակչության պաշտպանվածությունը:

ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական և Կոտայքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարցերի վարչությունների և զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ մարզի համայնքապետարանների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների հետ տեղի է ունեցել սեմինար-քննարկում։ Միջոցառման  շրջանակում քննարկվել են մարզի քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների իրականացման` հատկապես բնակչության ուսուցման (ազդարարման ազդանշանների, պատսպարման վայրերի, վարվելակերպի կանոնների իմացություն), բնակչության ազդարարման ու իրազեկման միջոցների կատարելագործման, քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև զորահավաքային պատրաստականության վերաբերող պլանավորման աշխատանքները։

Մարզի կրթահամալիրներում կազմակերպվել և անց են կացվել «Ազդարարում, տարհանում, պատսպարում», ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը և իրականացումը», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ, միևնույն ժամանակ Զորավան գյուղի «Սրապ Թովմասյան» ԱՁ բենզալցակայանում՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ամսվա ընթացքում արձագանքող ուժերի գործնական հմտություններն անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում կատարելագործելու նպատակով Տավուշի մարզում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը վարչական շենքում», «Հրդեհաշիջման  և փրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում», «Առատ ձյան և մերկասառույցի դեպքում ճանապարհների սպասարկման աշխատանքների իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ համապատասխանաբար Գանձաքար  բնակավայրի վարչական շենքում, Նոյեմբերյան համայնքի Կողբ  բնակավայրի ԱԳԼՃԿ-ում և «Լևոն 2 ՃՇՇ» ՍՊԸ-ում։

Մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբերի կողմից Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան, Ոսկեվան, Կոթի և Ոսկեպար բնակավայրերում անց են կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ, իսկ Իջևան քաղաքի «Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաները և դաստիրակչական կազմն ուսուցողական այցով եղել են նաև Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում, որտեղ վերջիններիս ցուցադրվել է դեպքերի արձագանքման ժամանակ օգտագործվող հրշեջ-փրկարարական գույքը, ներկայացվել դրանց առանձնահատկություններն ու հրշեջ տեխնիկայի հնարավորությունները:  

ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ միջնակարգ դպրոցներում ՀՓՋ-ների ծառայողների կողմից «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին օգնության կազմակերպումն ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ, իսկ Շամիրամի համայնքապետարանում ՄՓՎ ծառայողները մասնակցել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, զուգահեռաբար մարզում իրականացվել են նաև «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։

Համաձայն ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության նոյեմբեր ամսվա աշխատանքային պլանի՝ խմբի և հերթափոխի պետերի  մարտավարական մտածելակերպի զարգացմանն օժանդակելուն, հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների և գործնական բացազատման ժամանակ ունակությունների կատարելագործմանն ուղղված Արտաշատի, Վեդու և Արարատի ՀՓՋ-ների կողմից «Ծաղիկ Մուրադյան», «Վան-ՕԻԼ» և «Հակոբ Ամիրյան» ԱՁ-ներում  անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթունավտանգ օբյեկտներում» թեմայով։    

Միաժամանակ Սիս և Սայաթ Նովա բնակավայրերի միջնակարգ դպրոցներում մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնական վարժանքներ։

Արմավիրի ՄՓՎ-ի ստորաբաժանումների փրկարար ծառայողների կողմից Բաղրամյան համայնքի Լեռնագոգ և Շենիկ բնակավայրերում անցկացվել են էլեկտրական շչակների գործարկմամբ «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ, իրականացվել են դպրոցների աշակերտների, ուսուցչական կազմի պատսպարում, բացի այդ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժինների աշխատակիցների հետ համատեղ թվով 14 ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Հրդեհային անվտանգության կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դասընթացներ, ինչպես նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ Արմավիրի մարզպետարանում անցկացվել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Համաձայն Գեղարքունիքի ՄՓՎ 2024թ.-ի աշխատանքային պլանի՝ Ջաղացաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջում և տարհանում դպրոցներում» թեմայով, որի նպատակն էր բարձր հիմքերի վրա պահել և զարգացնել հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի ունակությունները և մարտունակության վիճակը կարևորագույն օբյեկտներում։

Ամսվա ընթացքում մի շարք ուսումնական հաստատություններում նաև անց են կացվել դասընթացներ՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով։

Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում անց է կացվել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում»  թեմայով:

Միջոցառումը նպատակ ուներ  ստուգել և կատարելագործել  մասնակիցների հմտություններն ու ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, միաժամանակ ստուգել «Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գործողությունների պլան»-ի իրատեսությունը: 

Ուսումնավարժության մասնակիցները զեկույցներով, ըստ առաջադրված խնդիրների, ներկայացրել են ուժեղ երկրաշարժի դեպքում ԲՊ միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ իրենց կողմից կատարվող աշխատանքները, իսկ թերությունների վերացման համար առաջարկել մասնագիտական պատրաստության պարապմունքներին ներառել համապատասխան թեմաներ:

Վայոց ձորի մարզում, արտակարգ իրավիճակների սպառնալիքի  առաջացման և հետևանքների վերացման դեպքում, Եղեգիս համայնքի ղեկավար կազմի պատրաստականությունը ստուգելու, ինչպես նաև ուսումնավարժությունում ընդգրկված անձանց ունակությունները փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման և գործնական իրականացման ընթացքում կատարելագործելու համար անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քարաթափման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Ուսումնավարժության մասնակիցները տեղում քննարկել են իրենց գործողությունները և ներկայացրել համապատասխան զեկույցներ՝ իրականացված  միջոցառումների վերաբերյալ:

Մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզում և Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ համապատասխանաբար «Հրդեհաշիջումը մանկապարտեզի օժանդակ շինությունում» և «Հրդեհաշիջումը  թիվ 3 միջնակարգ դպրոցում» թեմաներով։

Ուսումնավարժությունները տվել են դրական արդյունքներ՝ բարձրացնելով անձնակազմի մասնագիտական գիտելիքները:

Փոխհամագործակցության և մանկավարժական անձնակազմի բարձր պատասխանատվության արդյունքում ուսումնավարժության արդյունքները գնահատվել են լավ։

Դրական արդյունքներն ու ստացված փորձը կարևորագույն քայլ են ոչ միայն արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման, այլ նաև համատեղ գործողությունների մշակման և քաղաքացիների պաշտպանվածության ապահովման գործում։ Այնուամենայնիվ, շարունակական աշխատանքը պահանջում է թերությունների վերացում և նոր մարտահրավերներին պատրաստ լինելու հմտությունների զարգացում։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են հսկայական փորձի ձեռքբերմանը և համայնքների անվտանգության բարձրացմանը։