Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Գեղարքունիքի և Լոռու մարզերում
սեպտեմբերի 03 • 12:49, 2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից օգոստոս ամսին իրականացվել են տարբեր թեմաներով մի շարք շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի և աղետակայուն միջավայրի ձևավորմանը, պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը կազմակերպել և անց է կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Հրդեհաշիջումը և տարհանումը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի մանկապարտեզում» թեմայով: Ուսումնավարժանքի կարևորագույն նպատակը արտակարգ իրակավիճակներում վարվելակերպի կանոնների վերաբերյալ դեռևս նախադպրոցական տարիքից երեխաներին ուսուցանել էր, միաժամանակ վարժանքը միտված էր ստուգելու և կատարելագործելու հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի ունակությունները՝ հրշեջ-մարտավարական և փրկարարական խնդիրների լուծման ուղղությամբ:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությունն ընթացավ ըստ նախապես սահմանված սցենարի։ Մանկապարտեզում խաղարկվեց հրդեհի սցենար, իրականացվեց հետախուզություն։ Խաղարկվեցին մարտական բացազատման, տուժածների հայտնաբերման, տարհանման, առաջին բուժօգնության ցուցաբերման և հրդեհաշիջման աշխատանքներ:
Օգոստոս ամսվա ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից Վանաձոր քաղաքում իրականացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում» թեմայով։
Ուսումնավարժության նպատակն էր արագ և արդյունավետ իրականացնել հրդեհաշիջման և տարհանման աշխատանքներ, որոշել հրդհաշիջման տակտիկական ուղղությունները, հայտնաբերել թունավորման վտանգի, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայությունը, միաժամանակ ապահովել բնակչության իրազեկման գործընթացը։
Ուսումնավարժության ավարտից հետո վերլուծվեց իրականացված միջոցառումը, ամփոփվեցին կատարված աշխատանքները, գնահատվեցին ուսուցանվողների գործողությունները, վերհանվեցին նկատված թերությունները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Արտապլանային վարժանք իրականացվեց նաև Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ ճամբարում»՝ «Հրդեհաշիջում, տարհանում, պարանային աշխատանք» թեմայով, որի նպատակն էր պատանիներին ուսուցանել հրդեհաշիջման ու տարհանման կանոնները։ Վարժանքի ընթացքում հրշեջ-փրկարարների կողմից կիրառվեցին պարանային հնարքներ, ինչպես նաև անցկացվեց դասախոսություն՝ առաջնայնությունը տալով անվտանգության կանոնների պահպանմանը։
ՓԾ մարզային ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվող տարաբնույթ միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել բնակչության պաշտպանվածությունը՝ գործնականում տեղեկություններ փոխանցելով, միաժամանակ ուղղորդելով և ուսուցանելով արտակարգ իրավիճակներում գործելու վարքակաոննները։