ԼրահոսՏեսանյութեր

Ամեն փրկված կյանքից հետո շնորհակալական խոսքերը լավագույն գնահատականն են. Նարեկ Բաբայան

սեպտեմբերի 02 • 12:33, 2024
 
Փրկարար ծառայության ենթասպա Նարեկ Բաբայանը մեծացել է Սևանում, փոքր տարիքից որոշել է ջրային փրկարար դառնալ ու գնացել է երազանքի հետևից:
 
Իսկ հետո արդեն ճանաչվեց 2023 թվականի լավագույն ջրափրկարար։
 
Մեզ հետ զրույցում ասում է, որ աշխատանքում դժվարություններ, խնդիրներ չունի: Միակ խնդիրը ընտանիքի անդամների անհանգստությունն ու կարոտն են: Ասում է՝«Լինում է, երբ օրերով կամ շաբաթներով տուն չենք գնում, դեպքի վայրում ենք լինում»։ Նարեկ Բաբայանն երեք երեխաների հայր է: Անկեղծանում է՝ եթե ընտանիքի հետ մեկնում է արձակուրդ, ապա միայն այնպիսի վայր, որտեղ ջուր չլինի. ինքը ջրի ափին հանգստանալ չի կարող, ամեն վայրկյան ուշադիր է՝ կարող է կյանք փրկելու անհրաժեշտություն լինի։
 
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը մեզ հետ զրույցում ասում է, որ Նարեկ Բաբայանը կարողանում է բարդ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվել, ցանկացած առաջադրանք կատարում է պատասխանատվությամբ, բարեխղճորեն:
 
«Հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ, փրկարար ծառայության ենթասպա Նարեկ Յուրիկի Բաբայանը աշխատասեր և բարեխիղճ երիտասարդ է, տիրապետում է մասնագիտական հմտություններին, ինչպես նաև ջոկատում առկա սարքավորումներին և գործիքներին»,-ասում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:
 
Նարեկ Բաբայանը խրախուսանքների է արժանացել ոչ միայն ՆԳ նախարարության, նաև այլ գերատեսչությունների կողմից ։ Մասնավորապես՝ 2017 թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտության» մեդալի։ Պատվոգրեր է ստացել Պաշտպանության նախարարության, իսկ շնորհակալագրեր՝ Գեղարքունիքի մարզպետի և Գավառի քաղաքապետի կողմից։
 
Ծառայակից ընկերոջ՝ Գևորգ Բադալյանի խոսքով՝ Նարեկ Բաբայանը ծառայության ընթացքում առաջնահերթ մտածում է գործընկերոջ անվտանգության, հետո միայն իր մասին։
 
«Նարեկին ճանաչում եմ 2019 թվականից: Հրաշալի գործընկեր է, օրինակելի, լավ մարդ: Միասին մասնակցել ենք որոնողափրկարարական աշխատանքների, շատ սրտացավորեն է աշխատում, նվիրված է գործին»։
 
Նախորդ տարվա լավագույն ջրասուզակը մտաբերում է, երբ առաջին անգամ մարդկային կյանք է փրկել. «11 տարեկան տղա էր, գնդակի հետևից էր լողում, մինչև հասանք, միանգամից սուզվեց: Հետևից նետվել եմ ջուրը, հանեցինք ափ, ցուցաբերեցինք առաջին օգնություն, ջրահեռացում… ու դա մոռանալ չի լինի»։
 
Նարեկի խոսքով՝ ամեն փրկված կյանքից հետո հարազատների շնորհակալական խոսքերը լավագույն գնահատականն են կատարած աշխատանքի դիմաց։
 
Լավագույն ջրափրկարար ճանաչվելը հաճելի է, բայց աշխատանքի ոճն ու բնույթը չեն փոխվի. ինչպես այսօր, այնպես էլ վաղը շարունակելու է կյանքեր փրկել։