Լրահոս
դեկտեմբերի 03 • 11:33, 2025

Անվտանգ վարքագծի ձևավորում՝ շարունակական ուսումնական միջոցառումների միջոցով

Նոյեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտում իրականացվել են դասընթացներ, օբյեկտային, շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ մի շարք օբյեկտներում և կազմակերպություններում: 

Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահելով հրդեհային անվտանգության հետևողական վերահսկողությունն ու պատասխանատու մոտեցումը, կազմակերպվել և իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ ուսումնական և մշակութային հաստատություններում, արտադրամասերում, վարչական շենքերում և առևտրային կենտրոններում, որոնց նպատակն էր բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունը և զարգացնել գործնական հմտությունները: 

Միևնույն ժամանակ մի շարք դպրոցներում, բժշկական հաստատություններում անցկացվել են հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժանքներ, որոնք վերաբերել են քաղաքացիական պաշտպանության ոլորտի միջոցառումների կազմակերպմանը: Վարժանքների ընթացքում իրականացվել են ազդարարում, տարհանում և պատսպարում՝ նպատակ ունենալով զարգացնել ոչ միայն փրկարարական ծառայողների մասնագիտական հմտությունները, այլև կատարելագործել ներգրավված կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: 

Բացի այդ, իրականացվել է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպմանն ուղղված շտաբային ուսումնավարժություն, որի նպատակն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումներ ընդունելիս մասնակիցների ունակությունները ստուգելն էր, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, համապատասխան ծառայությունների և կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգացնելն ու ամրապնդելը:

Կարևորելով բնակչությանը համապատասխան տեսական գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը՝ ուսուցողական միջոցառումների շրջանակներում անցկացվել են նաև թեմատիկ դասընթացներ՝ ուղղված հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը:

Կրելով շարունակական բնույթ՝ նշված միջոցառումները միտված են անվտանգության կանոնների իմացության, գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը: