հոկտեմբեր 07 2026
Իրազեկվածություն, դիմակայունություն և անվտանգություն․ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է սեպտեմբերին իրականացրած միջոցառումները
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները, որոնք ուղղված էին անձնակազմի մասնագիտական կատարելագործմանը, բնակչության իրազեկվածության ու արտակարգ իրավիճակներին դիմակայունության բարձրացմանը։
Սեպտեմբեր ամսին մայրաքաղաքի մի շարք դպրոցներում, մանկապարտեզներում և առևտրային կազմակերպություններում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ:
Հրդեհների կանխարգելման, դրանց առաջացման դեպքում արագ արձագանքման և մարդկանց անվտանգ տարհանման կարողություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ հրդեհային իրավիճակներում ճիշտ և ժամանակին կատարված յուրաքանչյուր գործողություն կարող է նպաստել մարդկային կյանքերի և գույքի պահպանությանը։ Այդ համատեքստում վարժանքների անցկացումը հնարավորություն է տալիս փորձարկել տարհանման և պաշտպանության տարբեր մեխանիզմներ, ձևավորել վարքագծային այն կանոնները, որոնք կարևոր են իրական վտանգի դեպքում։
«Հրդեհի դեպքում վարվելակերպի կանոնները և հրդեհաշիջման սկզբնական միջոցների կիրառումը» թեմայով դասընթացներ և գործնական պարապմունքներ են անցկացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի, «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի և «Արմփաուեր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ: Ներկայացվել են հրդեհի առաջացմանը նպաստող հիմնական գործոնները, հնարավոր վտանգների կանխարգելման եղանակները և հրդեհաշիջման սկզբնական միջոցների կիրառման առանձնահատկությունները։
Իրազեկվածությունն ու գործնական հմտությունների զարգացումը կարևոր նախապայման են արտակարգ իրավիճակներին կազմակերպված արձագանքման կարողությունների զարգացման ու բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացման գործում։