Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով․ Արամ Ղազարյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն
փետրվարի 24 • 06:42, 2026
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 20-ին այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։
ՓԾ տնօրենը, տնօրենի տեղակալների ուղեկցությամբ, շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նաև այցելել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատ։
Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը Ծառայության տնօրենին է ներկայացրել ստորաբաժանման տեխնիկական միջոցները, ինչպես նաև ծառայության ընթացքում հանդիպող խնդիրները։
Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական 4 ջոկատ վերազինվել է մեքենաներով։ Արամ Ղազարյանը ծանոթացել է մեքենաների տեխնիկական բնութագրերին և հնարավորություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի Ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները՝ անդրադարձել է նաև Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։
Հիշեցնենք, որ ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներ, ինչի նպատակով պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է ծախսվել։