ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պաշտոնական լուրերՄիջազգային համագործակցություն
նոյեմբեր 22 2024

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում բարեփոխումների, աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։

Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Կամո Ցուցուլյանն իր խոսքում նշել է, որ Բանկի կողմից իրականացված ծրագրերով աջակցությունը մեծապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։ Նա ընդգծել է, որ այս հանդիպումից ակնկալում է համագործակցության ամրապնդման և ընդլայնման հնարավորություններ։ 

Լեա Հաքիմը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ այցի նպատակն է «Զարգացման քաղաքական գործառնություն» ծրագրի շրջանակում քննարկել աղետների ռիսկի կառավարման հետ կապված բարեփոխումները։ Նա կարևորել է մասնավորապես այն բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դիմակայել կլիմայական փոփոխությունների առաջացրած մարտահրավերներին՝ միաժամանակ ամրապնդելով երկրի կարողությունները ծայրահեղ կլիմայական երևույթներին դիմակայելու համար։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իր դիտարկումները և, որպես առաջնահերթություն, ներկայացրել այն խնդիրները, որոնք կապված են ջոկատների շենքային պայմանների բարելավման, նորարարական տեխնոլոգիաներով ու մեթոդներով վերազինման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման միջոցառումների կիրարկման հետ։ 

Նա մասնավորապես շեշտել է, որ այդ բարեփոխումները խիստ կարևոր են ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու և բնական աղետների կանխարգելման ոլորտում երկրի պատրաստականությունն ապահովելու համար։

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև միասնական կառավարման կենտրոնի ստեղծման՝ արագ արձագանքման և ազդարարման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման համակարգի զարգացման հարցերին։ Նշվել է, որ նման համակարգերի բարելավումն օժանդակելու է ռիսկերի կառավարման ամբողջականությանը և արդյունավետությանը՝ նպաստելով Հայաստանի կայուն զարգացմանն ու դիմակայունության բարձրացմանը: