Աշխատանքային քննարկում Երևան քաղաքի փրկարարական վարչությունում. Կամո Ցուցուլյանը ներկայացրել է Երևան քաղաքի փրկարարական վարչության նորանշանակ պետին
նոյեմբերի 18 • 07:07, 2025
Նոյեմբերի 17-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, ԵՓՎ ղեկավար կազմը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքները՝ հանձնարարականների կատարման, առաջացած հարցերի, ձեռնարկված միջոցառումների, դեպքերի սպասարկման և հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույք սարքավորումների վերազինման վերաբերյալ հարցեր:
Երևան քաղաքի փրկարարական վարչության ղեկավար կազմը և հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները հանդես են եկել զեկույցներով, որից հետո Կամո Ցուցուլյանը մատնանշել է ծառայության ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, տվել մի շարք հանձնարարականներ՝ կատարողական և աշխատանքային կարգապահության արդյունավետության բարձրացման առնչությամբ՝ բացառելով խախտումները։
Ծառայության տնօրենն անձնակազմին է ներկայացրել Երևան քաղաքի փրկարարական վարչության նորանշանակ պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանին: Վերջինս նշանակվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ փոխադրման կարգով՝ ազատվելով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնից։
Կամո Ցուցուլյանը վստահություն է հայտնել, որ Գևորգ Գալստյանն իր գիտելիքներով և բազմամյա փորձով կնպաստի վարչության հետագա զարգացմանը՝ ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն և աշխատանքային բարձր կարգապահություն։
Փրկարար ծառայության տնօրենն իր խոսքում շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել ձևավորել գործընկերային, առողջ և պատասխանատու աշխատանքային միջավայր՝ համատեղ լուծելով համակարգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի հասարակության վստահությունը Փրկարար ծառայության նկատմամբ էլ ավելի ամրապնդվի:
Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով անձնակազմին իրականացրած աշխատանքի համար՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ բարձր կարգապահությունն ու միասնական թիմային աշխատանքը մշտապես մնալու են համակարգի առաջնահերթություններից: