դեկտեմբերի 09 • 10:12, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Դեկտեմբերի 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 10-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2- 5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև և մառախուղ, 10-ի գիշերը՝ հորդառատ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21°C (1998թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.7°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ