հոկտեմբերի 30 • 15:01, 2025
Հավասար հնարավորություններ բոլորի համար. փրկարարական ծառայողները մասնակցել են ներառականության և գենդերային հավասարության թեմայով եռօրյա դասընթացի
Ավստրիական Կարմիր Խաչ ընկերության հետ իրականացվող «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-26-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության ծառայողները, վարչության պետ Արթուր Կիրակոսյանի գլխավորությամբ, մասնակցել են Հայկական Կարիտաս ընկերության կազմակերպած «Ներառականության և գենդերային հավասարության ըմբռնումն ու դրա կարևորությունը հրշեջ-փրկարարական խմբերում» թեմայով եռօրյա դասընթացին։
Դասընթացի նպատակը ներառականության հասկացությունն ուսումնասիրելը և հրշեջ-փրկարարական կազմավորումներում ու կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատներում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ուղիները քննարկելն էր:
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են հաշմադամություն ունեցող անձանց և գենդերային հավասարությանը վերաբերող օրենսդրական դաշտին, միջազգային համաձայնագրերին, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց իրավունքներին: Քննարկվել է, թե ներառականությունը ինչպես դարձնել փրկարարական կազմավորումների գործունեության առանցքային մաս։ Կարևորվել է, որ ներառականությունն անհրաժեշտ նախադրյալ է հասարակությունն ամրապնդելու և առավել անվտանգ ու հուսալի միջավայր ձևավորելու համար։
Ծրագիրն իրականացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Հայկական Կարիտասի և Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հետ համագործակցությամբ։ Այն ֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ Ավստրիական Զարգացման համագործակցության շրջանակներում, Ավստրիական Կարմիր խաչի և Ավստրիական Կարիտաս ընկերության մասնակցությամբ։