նոյեմբեր 17 2026
Թիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը
Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկը 2025 թվականի գործունեության արդյունքներով առանձնացել է մյուսներից։ Լավագույնի կոչումն այս անգամ ուղևորվել է Արարատի մարզ՝ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատ։
Առաջին հայացքից ամեն ինչ սովորականի պես է՝ հերթապահություն, տեխնիկայի ստուգում, մասնագիտական պարապմունքներ։ Սակայն հենց այս առօրյա, հաճախ հանրության աչքից հեռու կատարվող աշխատանքի հետևողական կազմակերպումն ու արձանագրված արդյունքներն են ջոկատին արժանացրել տարվա լավագույնի կոչմանը։
Իսկ ի՞նչ է նշանակում լինել լավագույնը մի համակարգում, որտեղ բոլոր ստորաբաժանումներն ունեն նույն առաքելությունը, իսկ յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ թելադրում է գործողությունների իր կանոններն ու պահանջում տարբեր լուծումներ։
Պատասխանը միայն տարեկան ցուցանիշներում չէ։ Այն պետք է փնտրել նաև ջոկատի ամենօրյա աշխատանքում՝ ծառայության կազմակերպումից մինչև անձնակազմի մասնագիտական պատրաստվածություն և փոխգործակցություն։ Այստեղ յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթն ու պատասխանատվության շրջանակը, սակայն ընդհանուր արդյունքը ձևավորվում է ամբողջ թիմի համակարգված աշխատանքի շնորհիվ։
Հրշեջ-փրկարարների աշխատանքի ամենատեսանելի հատվածը դեպքի վայրում իրականացվող գործողություններն են։ Եվ եթե աշխատանքային օրվա ընթացքը կարելի է նախապես պլանավորել, ապա փրկարարների հերթապահությունն ունի մի առանձնահատկություն՝ հաջորդ առաջադրանքի ժամանակը, վայրը և բարդությունը երբեք նախապես հայտնի չեն։ Յուրաքանչյուր ահազանգ կարող է փոխել օրվա բնականոն ընթացքը՝ անձնակազմից պահանջելով գործել բոլորովին նոր պայմաններում։
Տարվա լավագույնի կոչումը միայն անցած աշխատանքի գնահատականը չէ։ Այն նաև յուրատեսակ նշաձող է, որի պահպանումը երբեմն ոչ պակաս բարդ է, քան դրան հասնելը։ Վեդու ջոկատում էլ ձեռքբերումը դիտարկում են ոչ թե որպես ավարտված հաջողություն, այլ հետագա աշխատանքի նկատմամբ առավել մեծ պատասխանատվություն։
Լավագույնի կոչումն արդեն Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի պատմության մի մասն է։ Բայց այստեղ լավ գիտեն՝ նախորդ տարվա արդյունքները հաջորդ ահազանգի ժամանակ առավելություն չեն տալիս։ Յուրաքանչյուր նոր իրավիճակ մասնագիտական պատրաստվածության նոր ստուգում է։ Եվ հենց այդ ստուգումներն են որոշելու, թե ինչպիսին կլինի ջոկատի հաջորդ տարվա պատմությունը: