ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
ԼրահոսՏեսանյութեր

Հրշեջ-փրկարարները զարգացնում են կարողությունները․ անցկացվել է տակտիկական ուսումնավարժանք

հոկտեմբեր 23 2026

Մասնագիտական հմտությունները կատարելագործելու, հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ ու համակարգված արձագանքելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար տակտիկական ուսումնավարժանքներ է անցկացնում։ Հերթականը հոկտեմբերի 16-ին էր։

Ըստ սցենարի՝ ծխախոտի արտադրական գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, առաջացել են հրդեհի օջախներ, իսկ շենքում արգելափակված աշխատակիցներ են։

Պայմանական դեպքի վայր 7 մարտական հաշվարկ է մեկնել՝ այդ թվում կինոլոգիական խումբը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, շտապօգնության մեկ բրիգադ, «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների վթարային խմբերը։

Բացազատված հինգ տեղամասերում խաղարկվել են տարբեր սցենարային իրավիճակներ։ Իրականացվել է աշխատակիցների անհապաղ տարհանում, այնուհետև տարածքի հետախուզման, հրդեհաշիջման, փլատակների մաքրման, արգելափակված քաղաքացիների դուրսբերման աշխատանքներ, ինչպես նաև վառելիքային նյութեր տեղափոխող բեռնատարի հովացում՝ փրփուրային գրոհի եղանակով։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ արձագանքման շնորհիվ կանխվել է կրակի հետագա տարածումը, իսկ հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Փրկարարները նաև ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված քաղաքացուն, իսկ տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Տակտիկական ուսումնավարժանքի ավարտին ամփոփվել են արդյունքները և տրվել համապատասխան հանձնարարականներ։