Լրահոս
հոկտեմբերի 31 • 06:01, 2024

«Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչութան ծառայողների կողմից ՀՀ Արագածոտնի մարզում կազմակերպվել և անց է կացվել «Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, Ծաղկահովիտի և Ալագյազի համայնքապետարանների, «Արագածոտն» ՋՕԸ-ի, «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Ծաղկահովիտի ԲԿ» ՓԲ ընկերությունների աշխատակիցները, ազդակիր բնակավայրերի վարչական ղեկավարներն ու հանրակրթական դպրոցների ներկայացուցիչները:

Ուսումնավարժության նպատակներն ուղղված էին  Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի փորձարկմանը, համայնքների դիմակայունության բարձրացմանը, շահագրգիռ բոլոր կողմերի միջև փոխհամագործակցության բարելավմանը և համայնքային կառույցների պատրաստականության բարձրացմանը։

Ուսումնավարժությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հ.  Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Շամիրյանը, Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Ն. Հակոբյանը և Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանը։

Համաձայն սցենարի՝ խաղարկվել են իրավիճակի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման, տեղեկատվության փոխանակման, աղետների ռիսկի կառավարման խորհրդի անդամների ազդարարման, հավաքի և խնդրադրման, հնարավոր ջրածածկման գոտու բնակչության ազդարարման և  տարհանման միջոցառումների իրականացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, տարհանված բնակչության կենսաապահովման կազմակերպման և այլ ուսումնական հարցեր։

Ինտերակտիվ քննարկումների արդյունքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցադրումներ ներկայացնել և փրկարարական ծառայողների կողմից  ստանալ բովանդակալից պատասխաններ։

Ամփոփելով արդյունքները՝ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարն ու Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը շնորհակալական խոսքեր են հղել կազմակերպիչներին՝ ուսումնավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար՝ նշելով, որ շտաբային ուսումնավարժությունը ևս մեկ միջոց էր նպաստելու Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր շահառուների և թիրախային խմբերի միջև համագործակցության արդյունավետությանը, ինչպես նաև բնակչության պաշտպանության կազմակերպման դերակատարների գիտելիքային և գործառնական հմտությունների զարգացմանն ու իրազեկվածության բարձրացմանը: