սեպտեմբերի 26 • 06:22, 2025
ՆԳՆ ՓԾ ծառայողները մասնակցել են ընտանեկան բռնության թեմայով դասընթացի
ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 օպերատորներն ու հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հոգեբանները սեպտեմբերի 22-ին և 23-ին մասնակցել են «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության և «Դաններ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Կանանց դեմ բռնություն․ տրավման հաշվի առնող խնամք և զրույցի տեխնիկաներ» թեմայով դասընթացին։
Դասընթացի նպատակը ընտանեկան բռնության ձևերը, բռնության ճանաչման մեխանիզմները, բռնության ենթարկվածներին աջակցության սկզբունքներն ու հաղորդակցության ժամանակակից մեթոդները ներկայացնելն էր:
Մասնակիցները գործնական պարապմունքների և խմբային քննարկումների միջոցով հնարավորություն են ունեցել զարգացնել բռնության ենթարկված անձանց հետ շփումների և աջակցության ժամանակ մասնագիտական հմտությունները։
Տեղի է ունեցել նաև փորձի փոխանակում Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Պաշտպանության նախարարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Դասընթացը վարել է Դանիայից հրավիրված փորձառու մասնագետ Կարեն Բոեսենը: Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ։
Փրկարար ծառայության անձնակազմի պատրաստվածության բարձրացմանը միտված նման նախաձեռնությունները հատկապես նպաստում են սոցիալապես զգայուն խմբերի հետ աշխատանքում։
ՆԳՆ փրկարար ծառայությունը, արտակարգ իրավիճակներում առավել արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով, շարունակելու է համագործակցել մասնագիտացված կառույցների և կազմակերպությունների հետ։