ԼրահոսՏեսանյութեր

Համակարգված գործողությունները, պատրաստված անձնակազմն ու արդյունավետ համագործակցությունը բնակչության անվտանգության ու պաշտպանվածության երաշխիք են. անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք

հոկտեմբերի 28 • 11:41, 2025

Հոկտեմբերի 24-ին Հրազդան համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Մասնակցել են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության, Շտապօգնության, մարզային և համայնքային ծառայությունների ու համապատասխան կազմակերպությունների աշխատակիցներ:

Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկվել է 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժի սցենար, ինչին նախորդել է, ըստ գործունեության ոլորտների, մասնակիցների կողմից իրականացվելիք միջոցառումների քննարկում:

Գործնական հատվածում իրականացվել են պայմանական տուժածների տարհանման, փլատակներից դուրսբերման, հրդեհաշիջման, փրկարարական հատուկ միջոցների կիրառմամբ շինությունների տարբեր հարկերից մարդկանց իջեցնելու, առաջին բուժօգնության և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ: 

Ուսումնավարժության նպատակը ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումներ ընդունելիս մասնակիցների ունակությունները ստուգելն ու որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ  գործնական հմտությունները կատարելագործելը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, համապատասխան ծառայությունների և կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգացնելն ու ամրապնդելն էր:

Ուսումնավարժությունը հերթական անգամ փաստեց, որ համակարգված գործողությունները, պատրաստված անձնակազմը և արդյունավետ համագործակցությունը հնարավորություն են տալիս հաջողությամբ կառավարել ամենաբարդ ճգնաժամերը և ապահովել բնակչության անվտանգությունն ու պաշտպանվածությունը։