հոկտեմբերի 23 • 06:34, 2025
Զարգացնել տեխնիկական միջոցների արդյունավետ և անվտանգ շահագործման կարողությունները. փրկարարները մասնակցել են վերապատրաստման հերթական դասընթացին
ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների մի խումբ փրկարարներ հոկտեմբերի 20-21-ը մասնակցել են «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառում և դրանց խնամքի կազմակերպում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որն անցկացրել է ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնը:
Դասընթացի նպատակը մասնակիցների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելն ու տեխնիկական միջոցների արդյունավետ և անվտանգ շահագործման կարողությունները զարգացնելն էր։
Տեսական և գործնական պարապմունքներն անցկացվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Փրկարարները ծանոթացել են տարբեր ոլորտներում կիրառվող փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցներին, մասնավորապես՝ կառուցվածքին, օգտագործման եղանակներին, ուսումնասիրել այդ սարքավորումների խնամքի և պարբերական սպասարկման կազմակերպման ձևերը, տեխնիկական անսարքությունների կանխարգելման և վերացման միջոցները, աշխատանքի անվտանգության կանոնները։
Վերապատրաստման նման դասընթացները փրկարարների մասնագիտական կարողությունների բարձրացման, արտակարգ իրավիճակներում առավել արդյունավետ ու վստահ գործելու կարևոր նախապայման են: