ԼրահոսՏեսանյութեր

Արագածոտնի մարզում անց է կացվել ավերիչ երկրաշարժի սցենարով ցուցադրական ուսումնավարժություն

սեպտեմբերի 19 • 12:18, 2025

Սեպտեմբերի 18-ին Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան №5 ավագ դպրոցի տարածքում կազմակերպվել և անց է կացվել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի թեման էր «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն ավերիչ երկրաշարժի ժամանակ»։ Ուսումնավարժությունը տեղում ղեկավարել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մենուա Ասատրյանը:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի և ներգրավված կազմակերպությունների կազմավորումների գործնական հմտությունները որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում:

Միջոցառմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունից, Ապարանի և Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատներից ծառայողներ, շտապ օգնության ծառայությունից, Աշտարակի համայնքապետարանից և այլ ծառայություններից ներկայացուցիչներ:

Ըստ ուսումնավարժության սցենարի՝ Աշտարակ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ։ Դպրոցի մասնաշենքերից մեկը մասնակի վթարվել է. 1-ին, 2–րդ և 3–րդ հարկերում տեղի են ունեցել փլուզումներ: Կան արգելափակման մեջ հայտնված պայմանական տուժածներ:

Ուսումնավարժությունն անցկացվել է միաժամանակ մի քանի տեղամասերում: Այն մեկնարկել է ազդարարմամբ և արձագանքման կազմակերպմամբ:

Արձագանքող ուժերը ժամանելուն պես իրականացրել են հետախուզություն և իրավիճակի գնահատում, ինչպես նաև ուսումնական կետերի բաժանում՝ ըստ փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների պայմանական գոտիների։ 

Փրկարարները դպրոցի տարբեր հարկերում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, ինչպես նաև պարանների կիրառմամբ պայմանական տուժածների տարհանում և առաջին օգնության ցուցաբերում, միաժամանակ տարածքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հատուկ գործիքների կիրառմամբ ավտոմեքենայից արգելափակված քաղաքացու դուրսբերման աշխատանքներ: 

Շտապօգնության ծառայությունը տեղում ծավալել է բժշկական տեսակավորման կետ, ապահովելով առաջին բուժօգնության ցուցաբերումն ու տուժածների տեղափոխումը համապատասխան բժշկական հաստատություններ։ 

Ուսումնավարժությանը ներգրավված բոլոր մասնակիցները պատշաճ կերպով իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները։ Ավարտին ուսումնավարժության ղեկավարը դրական է գնահատել ներգրավված մասնակիցների գործողությունները՝ ևս մեկ անգամ նշելով, որ համագործակցությունը, փոխվստահությունն ու միասնական աշխատանքը կարևոր նախադրյալներ են արդյունավետ արձագանքի համար՝ անգամ ամենաբարդ իրավիճակներում։