«Կատարյալ երջանիկ կլինեմ, երբ որդի ունենամ». 2024 թվականի լավագույն հրշեջ փրկարար-վարորդ
ապրիլի 23 • 10:47, 2025
Կյանքի դժվար իրավիճակներում մարդուն օգնելն առաքինություն է: Փրկարարի առաքելությունը փրկելն է, ասել է թե՝ օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելը: Թերևս հենց հասարակությանն օգտակար լինելու ցանկությունն էր, որ Վահե Ղազարյանին տարավ Փրկարար ծառայություն: «Ծնողներս դեմ էին, մանավանդ հայրս չէր ուզում, որ այս գործին լինեմ։ Ասում էի՝ ես սիրում եմ այս աշխատանքը։ Հիմա իրենք էլ են համոզվել, որ ճիշտ էի»,-ասում է Վահե Ղազարյանը:
Վահեն Սիսիանի Բռնակոթ գյուղից է: Մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց թվերի հետ ջուրը մի առվով չի գնում. ինչպես ինքն է ասում՝ հրշեջ փրկարար-վարորդի ծառայությունն իր սրտով է. «Երբ մարդկանց ես օգնում, երբ շնորհակալություն են հայտնում քեզ, հասկանում ես, որ բարի գործ ես անում։ Ես սիրում եմ իմ աշխատանքը»։
Սյունիքի մարզային փրկարարական վարչութան հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Հովսեփյանն ասում է, որ սերժանտ Ղազարյանը բարեխիղճ ծառայող է: Միայն վարորդի պարտականությունները կատարելով չի բավարարվում. կանչի ժամանակ փորձում է ամեն կերպ օգտակար լինել ծառայակիցներին. «Միշտ դժվար և լուրջ դեպքերին մասնակցություն է ունեցել։ Բազմիցս ցուցաբերել է ակտիվություն և՛ փրկարար աշխատանքներում, և՛ որպես վարորդ»:
Գարիկ Հովսեփյանը հիշում է, թե ինչպես անցյալ տարի Վահե Ղազարյանը ձնաբքի ժամանակ ամբողջ գիշեր մնաց դեպքի վայրում՝ օգնելով ձնաբքի մեջ հայտնված մարդկանց: «Առատ ձյան և ձնաբքի պատճառով մեծ խցանում էր առաջացել Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում։ Վահեն այն վարորդներից էր, որ անմիջապես մեքենայի շարժիչը գործի է գցել և մեկնել դեպքի վայր։ Ամբողջ գիշեր առանց տրտնջալու, առանց նեղվելու կատարել է իր աշխատանքը»,-հիշում է Գարիկ Հովսեփյանը։
Վահե Ղազարյանն ասում է, որ կանչի ազդանշանը լսելուն պես մոռանում է ամեն ինչ: Մտքին միայն մի բան է`անձնակազմին արագ ու անվտանգ հասցնել տեղ և օգնել իր կարիքն ունեցողներին: Եվ ահա ծառայության նկատմամբ այսպիսի պատրաստակամության և բարեխիղճ մոտեցման շնորհիվ էլ նա ճանաչվել է 2024 թվականի լավագույն փրկարար- վարորդ: Նրա խոսքով` տարվա լավագույն փրկարար-վարորդ ճանաչվելը պարտավորեցնող է: Ուրախ է, որ ծնողները ևս համոզվել են, որ ճիշտ ընտրություն է կատարել:
2024 թվականի լավագույն փրկարար-վարորդը կյանքի դժվարություններից չի վախենում: Վստահ է` լավ գործը երբեք անպատասխան չի մնա, բումերանգի էֆեկտով հետ կգա: Ասում է` գոհ է կյանքից, բայց կատարյալ երջանիկ կլինի, երբ որդի ունենա: