keyboard_arrow_left
Պաշտոնական լուրերՏեսանյութեր
Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք․ Դովեղի հրշեջ-փրկարարական խումբը ճանաչվել է լավագույնը
նոյեմբեր 13 2026
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին՝ Տավուշի մարզի Դովեղ գյուղում, առօրյան զգոնության և պատասխանատվության առանձնակի պահանջներ է թելադրում։
Սահմանամերձ այս բնակավայրում անվտանգության ապահովումն ունի առանցքային նշանակություն։ Այդ գործում իրենց կարևոր առաքելությունն են իրականացնում նաև հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարները։
Մասնագիտական պատրաստվածության, կարգապահության և հետևողական ծառայության շնորհիվ Դովեղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը 2025 թվականի գործունեության արդյունքներով ճանաչվել է լավագույնը։
Հատուկ օբյեկտների պահպանությունը պահանջում է մշտական զգոնություն և պատրաստականություն։ Այստեղ առաջնային է ոչ միայն արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքելը, այլև հնարավոր վտանգները ժամանակին բացահայտելն ու կանխելը։
Չնայած սահմանամերձ բնակավայրում ծառայությունն ունի իր յուրահատկությունները, սակայն աշխատանքի հիմքում անփոփոխ սկզբունքներ են՝ կարգապահություն, պատասխանատվություն և փոխադարձ վստահություն։ Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարի պատրաստվածությունից ու գործողությունների ճշգրտությունից կախված է ընդհանուր առաջադրանքի արդյունավետ իրականացումը։
Ուստի առանձնակի կարևորություն է տրվում թիմային ներդաշնակ աշխատանքին, հմտությունների շարունակական զարգացմանն ու գործնական պարապմունքներին։
Դովեղի հրշեջ-փրկարարների համար լավագույնի կոչումը ծառայությունը նույն նվիրումով շարունակելու լրացուցիչ խթան է։ Սահմանամերձ բնակավայրում նրանց առաքելությունը մնում է անփոփոխ՝ ապահովել իրենց վստահված հատուկ օբյեկտների անվտանգությունը, կանխել հնարավոր վտանգներն ու մշտապես պատրաստ լինել ցանկացած արտակարգ իրավիճակի։