նոյեմբերի 03 • 13:56, 2025
Փրկարար ծառայությունը մարզերում շարունակում է կրթական և կանխարգելիչ միջոցառումները
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր և նախաձեռնություններ՝ արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկության և պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Այդ համատեքստում Ծառայության մասնագետները հանրապետության բոլոր մարզերում անցկացրել են ուսուցողական սեմինարներ, գործնական վարժանքներ և տեղեկատվական միջոցառումներ։
Առաջնահերթությունը մասնավորապես տրվել է ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, մանկապարտեզների և արհեստագործական ուսումնարանների աշակերտների ու անձնակազմի հետ աշխատանքներին։
Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեղեղումների ժամանակ և հետո վարքականոնների», «Ազդարարման ազդանշանների», «Երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնների» և «Հրդեհային անվտանգության» թեմաների ուսուցմանը. կազմակերպվել են դասախոսություններ դաշտերում և այգիներում չոր խոտի այրման վտանգների մասին։
Իրականացվել են նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ներառելով երկրաշարժի ժամանակ փլուզումների, հրդեհների և տարհանման աշխատանքների սիմուլյացիաներ։ Անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ՝ վթարավերականգնողական աշխատանքների, անտառային հրդեհների դեմ պայքարի և ջրամբարի պատվարի հնարավոր փլուզման դեպքերի համար։
Փրկարար ծառայությունը համագործակցում է նաև մարզերի և համայնքների ղեկավարությունների և այլ կազմակերպությունների հետ։
Հրդեհաշիջման ղեկավարման, ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում փրկարարական գործողությունների և տեխնիկական հմտությունների կատարելագործման ուղղությամբ մասնագիտական սեմինարներ և պարապմունքներ են անցկացվել նաև փրկարարական ծառայողների համար։
Բացի այդ, համայնքներում կազմակերպվել են գործնական վարժանքներ՝ շչակների գործարկմամբ տարհանման և պատսպարման աշխատանքների իրականացման համար։
Հատուկ ուշադրություն է դարձվել բարձրահարկ շենքերից և կարևորագույն օբյեկտներից տարհանման աշխատանքներին։
Բոլոր միջոցառումները գնահատվել են դրական և նպաստել են արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացմանը, հրամանատարական կազմի մարտավարական մտածողության զարգացմանը և համայնքների ու կազմակերպությունների փոխհամագործակցության ամրապնդմանը։