Լրահոս
մարտի 17 • 05:27, 2026

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է կրթական և վերապատրաստման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության դիմակայունության բարձրացմանը: 

Մի շարք մարզերի ուսումնական հաստատություններում անցկացվել են «Վտանգավոր բնական երևույթների ազդեցության հիմունքները» թեմայով դասընթացներ: Ներկայացվել են նաև ազդարարման ազդանշանների կիրառման կանոններն ու ռիսկային իրավիճակներում արձագանքման ձևերը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները ակտիվ մասնակցություն են ունեցել «Ճանաչենք մեր դպրոցը. անվտանգ մուտք և ելք» խորագրով ծրագրին: Հանրապետության տարբեր մարզերի դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են ուսումնական հաստատություններում անվտանգ կողմնորոշման, ճիշտ տեղաշարժման, արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական կանոններին:

Բազմաթիվ բնակավայրերում կազմակերպվել են «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ՝ էլեկտրական շչակների փաստացի գործարկմամբ:

Ուսումնավարժությունների ընթացքում կազմակերպվել են ուսումնական հաստատությունների անձնակազմի և սաների՝ իրական պայմաններին մոտ տարհանման գործընթացներ՝ ամրապնդելով բնակչության գործնական պատրաստվածությունը:

Անցկացվել են նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ընդգրկելով հրդեհապայթյունավտանգ, հանրային և բնակելի օբյեկտներ: Ուսումնավարժությունների ժամանակ կատարելագործվել են նաև հրշեջ-փրկարարների տեսական և գործնական կարողությունները, ստուգվել են օղակների պատրաստվածությունն ու հրամանատարական կազմի մարտավարությունը: 

Ճանապարհային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ անցկացվել են հատուկ ուսումնավարժություններ՝ ձնաբքի հետևանքով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերման վերաբերյալ: 

Կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատները ցուցադրել են հրդեհաշիջման, տարհանման և առաջին օգնության իրենց հմտությունները:

Դասընթացներում ներառվել են հեղեղումների, դաշտերի ու այգիների խոտի այրումից բխող վտանգների, երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման առանձնահատկությունները:

Փրկարար ծառայության կողմից իրականացվող այս բազմաշերտ ու համակարգված ծրագրերը ոչ միայն բարձրացնում են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների պատրաստվածությունը, այլև ամրապնդում են Փրկարար ծառայության նկատմամբ վստահությունը:

Այդ համատեքստում նաև ամրապնդվում է փրկարար ծառայություն-հասարակություն կապը, կատարելագործվում են հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունները, բարձրանում է բնակչության անվտանգության մակարդակը: