Լրահոս
մայիսի 07 • 08:51, 2026

Բնակչության անվտանգության ապահովումը՝ ՆԳՆ առաջնահերթություն. Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է մի շարք միջոցառումներ

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպել և անցկացրել է ուսումնավարժանքներ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատություններում, հասարակական, արտադրական, առևտրային և այլ կազմակերպություններում՝ ուղղված բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում արձագանքման կարողությունների զարգացմանը։

Անցկացվել են հատուկ տակտիկական, օբյեկտային և շտաբային ուսումնավարժություններ, որոնց ընթացքում մշակվել և փորձարկվել են հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործնական մեխանիզմները, իրականացվել են տարհանման գործողություններ, մշակվել սցենարներ երկրաշարժի, «օդային տագնապ» ազդանշանի և հակառակորդի հնարավոր հարձակման պայմաններում ճիշտ և համակարգված գործելու նպատակով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ազդարարման, պատսպարման և անվտանգության ապահովման միջոցառումներին, ինչպես նաև կառավարման մարմինների արագ արձագանքման և փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ 

Կարևորելով ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը՝ որոշ համալսարաններում կազմակերպվել են դասընթացներ, ուսանողներին են ներկայացվել փրկարարական գործիքների կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոններին և հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։

Տեսական և գործնական պարապմունքներ են անցկացվել մի շարք մանկապարտեզներում, որոնց ընթացքում ներկայացվել են հրդեհի դեպքում վարվելակերպի կանոնները, առաջին օգնության հիմունքները, ինչպես նաև առաջնային հրդեհաշիջման միջոցների կիրառման գործնական հմտությունները։