ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Լրահոս
հուլիսի 08 • 06:47, 2026

Բնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներ

Բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով Փրկարար ծառայությունը մարզերում պարբերաբար կազմակերպում է հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներ, ինչպես ծառայողների, այնպես էլ քաղաքացիների մասնակցությամբ։

Կրթական և նախադպրոցական հաստատություններում անցկացվել են «Անվտանգ մուտք և ելք» դասընթացներ, ինչպես նաև հրդեհաշիջման ու տարհանման գործնական վարժանքներ՝ ուսանողների, դասախոսների և մանկապարտեզների անձնակազմի մասնակցությամբ։ Հանրային և տնտեսական օբյեկտներում՝ հյուրանոցներում, հացաթխման արտադրամասերում, բժշկական հաստատություններում և գազալցակայաններում, կազմակերպվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Իրականացվել են նաև ջրային տարածքներում փրկարարական աշխատանքների և հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում գործողությունների հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև սողանքների ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ուղղված շտաբային ուսումնավարժություն։ Իրականացվել է նաև գազամատակարարման համակարգում հնարավոր վթարի հետևանքով հրդեհի վերացման ուսումնավարժությունը՝ վթարավերականգնողական խմբերի և հրշեջ-փրկարարական ուժերի համատեղ մասնակցությամբ։

Զուգահեռաբար բնակչության շրջանում տարվել են իրազեկման աշխատանքներ՝ «Օդային տագնապ» ազդանշանի, հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնների և վտանգավոր բնական երևույթների վերաբերյալ։

Յուրաքանչյուր ուսումնավարժության ավարտից հետո կատարվել է ամփոփում՝ վերհանելով նկատված թերությունները և տալով համապատասխան հանձնարարականներ։