Լրահոս

Մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործումը քաղաքացիների անվտանգության երաշխիք. ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցկացրել է ուսումնավարժություն

նոյեմբերի 13 • 07:38, 2025

Փրկարար ծառայության շարունակական պատրաստվածության ու մասնագիտական հմտությունների կատարելագործման համար կարևորվում են պարբերաբար անցկացվող վարժանքները, որոնց շնորհիվ գնահատվում է փրկարարական ծառայողների պատրաստվածությունը, բացահայտվում հմտությունների կատարելագործման ուղղությունները։

ՆԳՆ Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունը նոյեմբերի 11-ին անցկացրել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում Փրկարար ծառայության ճառագայթային մոնիթորինգի խմբերի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Ուսումնավարժությանը մասնակցում էին Փրկարար ծառայության ճառագայթային մոնիթորինգի և արձագանքման հինգ հիմնական խմբեր։

Հատուկ տակտիկական ուսումնավարժության առաջնային հիմնադրույթներն ու նպատակակետերն էին ՀԱԷԿ-ում միջուկային և ճառագայթային վթարի դեպքում գործելու, ճառագայթային մոնիթորինգի կազմակերպման և հակահրդեհային ապահովման պլաններով հաստատված և նախատեսված միջոցառումների արդյունավետությունն ու իրագործելիությունը, ճառագայթային մոնիթորինգի խմբերի անձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործումը և տվյալների ՓԾ ՃԿԱԿ հաղորդման ընթացակարգը, ինչպես նաև խմբերի համագործակցության ամրապնդումը, երթուղիների ուսումնասիրությունը և ռադիոհաղորդակցության անխափան աշխատանքի ապահովումը։

Ուսումնավարժության ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կատարել է ճառագայթային մոնիթորինգի և արձագանքման խմբերի ազդարարում, ինչին հաջորդել է ղեկավարի կողմից ուժերի խնդրադրումը և տեղափոխումը դեպի պաշտպանական միջոցառումների պլանավորման նախահարձակ պաշտպանական և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներ՝ ռադիացիոն մոնիթորինգի կազմակերպման նպատակով։ 

Սցենարի համաձայն՝ ակտիվացվել են վթարային էներգամատակարարման համակարգերը։ Մոնիթորինգի խմբերը սահմանված գոտիներում պարբերաբար իրականացրել են ճառագայթային չափումներ՝ պահպանելով անվտանգության նորմերն ու պահանջները։

Ուսումնավարժության ավարտին մասնակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների արդյունքները։ Ամփոփիչ քննարկումների ժամանակ բարձր են գնահատվել մասնակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու համագործակցությունը։