հոկտեմբեր 09 2026
Արտակարգ իրավիճակներում գործողությունների գրագետ կազմակերպում և համագործակցության ամրապնդում․ Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն
ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ծառայողները հոկտեմբերի 7-ին Ախուրյան համայնքում գտնվող գործարանի տարածքում «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը՝ հրդեհի առկայությամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն են անցկացրել։
Ուսումնավարժանքի նպատակը հնարավոր երկրաշարժի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների համակարգված գործողությունների արդյունավետությունը ստուգելն էր։
Ուսումնավարժությանը մասնակցում էին Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, մարզի պարեկային ծառայության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, Ախուրյանի համայնքապետարանի և շտապօգնության աշխատակիցներ, ինչպես նաև «Հայկական կարմիր խաչ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա ջուր» ընկերությունների ներկայացուցիչներ:
Սցենարի համաձայն՝ երկրաշարժի հետևանքով շենքի փլուզման և հրդեհի պայմաններում իրականացվել են միաժամանակյա և փոխկապակցված գործողություններ, մասնավորապես՝ հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ, պայմանական տուժածների հայտնաբերում և տարհանում։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև բարձրությունից տուժածների իջեցման աշխատանքներին։ Փրկարարները գործնականում ցուցադրել են բարդ և սահմանափակ հասանելիության պայմաններում անվտանգ աշխատելու, տուժածներին արագ տարհանելու, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցություն ապահովելու հմտություններ։