հունիսի 27 • 07:19, 2026
Սյունիք բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Հունիսի 26-ին՝ ժամը 23։47-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք բնակավայրից դեպի Նորաշենիկ տանող ավտոճանապարհին կցորդով բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Սյունիք բնակավայրի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի կցորդով բեռնատարը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում, առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի քարշիչը դուրս է բերվել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։