սեպտեմբերի 08 • 10:16, 2025
Փրկարարի օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր մարզերում անցկացվել են տոնական միջոցառումներ
Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրվա կապակցությամբ, ՆԳՆ փրկարար ծառայության կողմից հանրապետության բոլոր մարզերում իրականացվել են տեղեկատվական, ուսուցողական և իրազեկման լայնածավալ միջոցառումներ։ Միջոցառումների նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակն արտակարգ իրավիճակների կանխարգելման և ճիշտ արձագանքման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնել փրկարարի կարևոր առաքելությունը հասարակության անվտանգության ապահովման գործում։
Դասախոսություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ են անցկացվել մի շարք կրթական ուսումնական հաստատություններում։ Ներկայացվել են ծառայության գործառույթները, փրկարարի աշխատանքի առանձնահատկությունները, տեխնիկական միջոցները, անվտանգության և վարվելակերպի կանոններն ու արտակարգ դեպքերին արձագանքման ընթացակարգերը։
Գործնական պարապմունքների ընթացքում ցուցադրվել է հրշեջ-փրկարարական տեխնիկան, իրականացվել են սարքավորումների օգտագործման եղանակների ցուցադրում և բացատրություն։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու փրկարարական մեքենաներին, գույք-սարքավորումներին, մասնակցել մարտական բացազատմանը։
Միջոցառումների ընթացքում մասնակիցներին բաժանվել է «Երբ արտակարգ իրավիճակ է» խորագրով գրքույկ, միևնույն ժամանակ ցուցադրվել են ուսուցողական տեսահոլովակներ։
Փրկարարի օրվա կապակցությամբ տեղի են ունեցել նաև պարգևատրման արարողություններ, որոնց շրջանակներում փրկարարական ծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալագրերով՝ իրենց նվիրումի ու մասնագիտական բարձր պատրաստվածության համար։
Տոնական միջոցառումներին զուգահեռ անցկացվել են նաև ցուցահանդեսներ՝ արտակարգ իրավիճակների թեմայով աշակերտների կողմից պատրաստված անհատական նկարների ցուցադրմամբ, ինչը մեկ անգամ ևս ընդգծել է փրկարարի մասնագիտության կարևորությունը և հասարակության բարձր գնահատանքը։
Փրկարարի օրվան նվիրված այս նախաձեռնությունները ծառայեցին որպես արդյունավետ հարթակ՝ հանրության հետ կապի ամրապնդման, անվտանգության մշակույթի ձևավորման և փրկարարի դերի արժևորման ուղղությամբ։