ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Լրահոս
հուլիսի 21 • 13:40, 2026

Ամփոփվել է փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

Ավարտվել է «Գազածխապաշտպանների սկզբնական պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը, որն անց է կացվել հուլիսի 13-ից 17-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում:

Հնգօրյա դասընթացի ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները ստացել են ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ զարգացրել են իրենց գործնական հմտությունները՝ ուսումնասիրելով շնչառական օրգանների պաշտպանության միջոցների կիրառման առանձնահատկությունները, դրանց անվտանգ շահագործման պահանջները և ծխապատ կամ գազավորված միջավայրում գործողությունների կազմակերպման սկզբունքները։ Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները մշակել են արագ արձագանքման, թիմային աշխատանքի և անձնական անվտանգության ապահովման հմտությունները։

Վերապատրաստումը հաջողությամբ ավարտած փրկարարները ստացել են հավաստագրեր:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հետևողականորեն իրականացնում է մասնագիտական վերապատրաստման ծրագրեր՝ նպաստելով փրկարարների մասնագիտական կարողությունների և գործնական պատրաստվածության շարունակական զարգացմանը՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ և անվտանգ ծառայություն իրականացնելու նպատակով։