Հմտությունների զարգացում՝ պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման վերաբերյալ ստացված կանչերին արձագանքելու ուղղությամբ
հուլիսի 16 • 14:24, 2025
Հուլիսի 14-15-ը ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի կողմից կազմակերպվել և անց է կացվել «Հրշեջ-փրկարարական ջոկատների գործողությունները՝ առավել հաճախ հանդիպող պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման կամ կեղծ կանչ ստանալու դեպքերում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները:
Դասընթացն ուղղված էր փրկարարների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը՝ պայթյունավտանգ իրավիճակներում գործելու արդյունավետ և անվտանգ:
Դասընթացի տեսական և գործնական մասում մասնակիցներին է փոխանցվել դեպքի վայրում գործելակերպի, անվտանգության կանոնների պահպանման և տարբեր զինամթերքների ընդհանուր նկարագրի, դրանց վտանգավորության մասին տեղեկատվությունը: Չնայած նրան, որ պայթուցիկ սարքի վնասազերծումը կատարվում է սակրավորների կողմից, հրշեջ-փրկարարները մեծ դեր ունեն ընդհանուր միջադեպի կառավարման գործում՝ սկսած տարածքի սահմանազատումից մինչև տարհանում և սակրավորներին օժանդակություն։ Մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվել է պայթյունավտանգ առարկայի հայտնաբերման կանչի դեպքում գործողությունների ամբողջական շարքը։
Պայթյունավտանգ առարկայի հայտնաբերումն արտակարգ իրավիճակ է, որը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել մարդկային կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, հետևաբար գործողությունների արագությունը, ճշգրտությունը և կարգապահությունը կենսական նշանակություն ունեն։
Նմանատիպ դասընթացները նպաստում են հրշեջ-փրկարարների պատրաստվածության բարձրացմանը, հնարավորություն են տալիս պատրաստ լինել ցանկացած անակնկալ դեպքի և գործել վստահ ցանկացած իրավիճակում: