Լրահոս
մարտի 19 • 06:33, 2025

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Արարատի և Սյունիքի մարզերում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններն ու ենթակա ստորաբաժանումները կազմակերպել և իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնակչության իրազեկվածությունը և պատրաստվածության մակարդակը։ 

Այս միջոցառումների շրջանակներում Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ համայնքների և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի և քաղաքների հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են «Տարհանման միջոցառումների կազմակերպումը» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց հիմնական նպատակն էր ստուգել մասնակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև հնարավորություն տալ ձեռք բերել կիրառական հմտություններ։

Ուսումնավարժությունների ժամանակ մասնակիցներին տրամադրվել են տեղեկատվական բուկլետներ, որոնցում ներկայացված էին քաղաքացիական պաշտպանության հիմնական սկզբունքները, արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցները և դրանց ընթացքում վարքականոնները։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն էր զարգացնել մասնակիցների հմտությունները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ դիմակայել հանրապետությանը սպառնացող տարատեսակ աղետներին։ 

Միևնույն ժամանակ Արարատի մարզի ավելի քան հարյուր և Սյունիքի մարզի մոտ երեք տասնյակ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվել են «Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օր» թեմայով դասախոսություններ, սեմինար-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա դերն ու նշանակությունը և ստեղծման պատմությունը:

Նմանօրինակ նախաձեռնություններն էական նշանակություն ունեն բնակչության անվտանգության ապահովման և հնարավոր վտանգներին արագ ու կազմակերպված արձագանքելու գործում: