ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
ԼրահոսՏեսանյութեր

Հրդեհների կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է․ ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման աշխատանքները

օգոստոսի 03 • 08:33, 2026

Ամառային շոգ եղանակով պայմանավորված՝ հանրապետության տարածքում մեծանում է նաև հրդեհների բռնկման վտանգը։ Այդ պատճառով ՆԳՆ Փրկարար ծառայությունն ամեն տարի հետևողականորեն իրականացնում է իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ հրդեհների կանխարգելման, հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու և քաղաքացիների շրջանում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մշակույթն ամրապնդելու նպատակով։

Իրազեկման միջոցառումների առանցքում հատկապես հանգստյան գոտիները, անտառային և անտառամերձ տարածքներն են, որտեղ մարդկանց հոսքը զգալիորեն մեծ է։ Փրկարարական ծառայողներն ուժեղացված ռեժիմով ինչպես հետիոտն, այնպես էլ մեքենաներով իրականացնում են իրազեկման աշխատանքներ։

«Կատարում ենք իրազեկման աշխատանքներ շաբաթ, կիրակի և տոնական օրերին՝ գետերի ափամերձ շրջանում և բոլոր բնակավայրերում հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպաակով »,- նշում է ՆԳՆ ՓԾ Վայքի ՀՓՋ հրամանատարի տեղակալ Արտաշես Ավագյանը։

Իրազեկման միջոցառումների ընթացքում ծառայողները քաղաքացիներին բաժանում են տեղեկատվական թռուցիկներ, տեսանելի վայրերում փակցնում զգուշացնող պաստառներ, իսկ բարձրախոսների միջոցով հիշեցնում հրդեհային անվտանգության կանոնները։

Փրկարարները հորդորում են հատկապես շոգ և քամոտ օրերին չայրել չոր խոտածածկույթն ու կենցաղային աղբը, չնետել չմարված ծխախոտի մնացորդներ, չվառել խարույկներ անտառային, անտառամերձ և բուսածածկ տարածքներում։ Եթե խարույկը վառվել է դրա համար նախատեսված վայրում, ապա հեռանալուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն լիովին մարված է։

Հիշե՛ք՝ նույնիսկ անզգուշության հետևանքով առաջացած փոքր հրդեհը կարող է րոպեների ընթացքում վերածվել խոշոր աղետի՝ վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը, ոչնչացնելով անտառային և բուսածածկ տարածքները, վնասելով կենսաբազմազանությանը և պատճառելով զգալի նյութական վնաս։

Հրդեհների կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։

Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները, եղե՛ք զգոն և ձեր պատասխանատու վարքագծով նպաստեք մարդկային կյանքերի, բնության և շրջակա միջավայրի պահպանությանը։