հոկտեմբերի 20 • 13:35, 2025
Սթրեսային իրավիճակներում արձագանքման ու հոգեկան հավասարակշռության պահպանման հմտությունների զարգացում. մասնագիտական դասընթաց Փրկարար ծառայությունում
ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին անցկացվել է կոնֆլիկտների հաղթահարման, սթրեսակայունության բարձրացման, ինքնակարգավորման հմտությունների զարգացման թեմաներով դասընթաց, որի նպատակը մասնակիցների հոգեբանական պատրաստվածությունն ու սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություններն ամրապնդելն էր:
Դասընթացը վարում էին ԱՄՆ Լոնգ Այլենդի համալսարանի գիտությունների դոկտոր, ՄԱԿ-ում MeaningfulWorld կազմակերպության ներկայացուցիչ, հոգեթերապևտ Անի Քալայճեանը և Նյու Յորքի Ֆորդհեմի համալսարանի դասախոս, Հայկական վարքային գիտությունների ասոցիացիայի համահիմնադիր և գործադիր տնօրեն, դոկտոր պրոֆեսոր Հարոլտ Դաքուշեանը։
Ներկայացվել են սթրեսի և հուզական լարվածության կլինիկական դրսևորումները, դրանց հոգեբանական և բժշկական հետևանքները և նման իրավիճակներում պատշաճ արձագանքելու գործիքակազմը:
Դասընթացը միտված էր ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը, այլև հոգեկան առողջության կարևորության ընկալմանը, ինչը թույլ կտա բարձր ռիսկային պայմաններում ծառայություն իրականացնելիս առավել արդյունավետ սպասարկել հանրությանը։
Դասընթացի ընթացքում ՆԳՆ Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների և ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչները տեսական և գործնական պարապմունքների միջոցով ձեռք բերեցին սթրեսային իրավիճակներում արձագանքման ու հոգեկան հավասարակշռության պահպանման կարողությունների զարգացմանն ուղղված հմտություններ:
ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից իրականացվող նման նախաձեռնություններն ընդգծում են աշխատակիցների բարեկեցության, հոգեկան առողջության պահպանման նկատմամբ համակարգի ուշադրությունն ու հետևողականությունը:
Դասընթացը կազմակերպվել էր «Յոթքայլանի ամբողջական բուժական մոդել» խորագրի ներքո: