Հրամանատարաշտաբային ուսումնավարժության մասնակիցներն ամրապնդել են ջրհեղեղի ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման կարողությունները
մայիսի 29 • 08:42, 2026
Մայիսի 26-ին Լոռու մարզում անցկացվեց ջրհեղեղի ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը նվիրված հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։
Մեկնարկը տրվեց Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքում, որտեղ ուսումնավարժության շտաբի կողմից ներկայացվեց օպերատիվ իրավիճակը։ Ըստ խաղարկային սցենարի՝ Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնասվել էին ենթակառուցվածքները, Ալավերդի համայնքի հետ կապը կտրվել էր։
Ձևավորված աշխատանքային մթնոլորտը հիշեցնում էր 2024 թվականին Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակի կառավարման գործընթացը։
Հեռավար ձևաչափով քննարկմանը միացավ և Ալավերդի համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվեց համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Ուսումնավարժության մասնակիցներն՝ ըստ համակարգման ոլորտների, ներկայացրեցին իրականացվելիք գործողությունները՝ անդրադառնալով կապի ապահովմանը, բուժօգնության կազմակերպմանը, հանրային իրազեկմանը, ուժերի և տեխնիկական միջոցների բաշխմանը։
Տեսական քննարկումներից հետո ուսումնավարժությունը տեղափոխվեց գործնական փուլ։ Խաղարկային իրավիճակներում փրկարարական ծառայողների և ներգրավված այլ ուժերի աշխատանքին հետևում էր Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։
Ըստ առաջին իրավիճակի՝ Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը քանդվել էր, հարակից տարածքները ջրածածկ էին, բնակավայրերը՝ մեկուսացած։ Փրկարար ծառայությունն անցել էր ուժեղացված ծառայության։ Անհրաժեշտ էր այլընտրանքային ճանապարհով տարհանել բնակիչներին, նաև տեղափոխել առաջին անհրաժեշտության պարագաներ։
«Գետանցման ժամանակ ուժերը համակարգված են։ Հիմնական դժվարությունը սկզբնական փուլում է, երբ առաջանում են տեղանքի, ինչպես նաև պարանների տեղափոխման և ամրացման խնդիրներ։ Փրկարարներն իրենց գործը լավ գիտեն և պատշաճ կատարում են այն»,- նշեց ՆԳՆ ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Հաջորդ սցենարային իրավիճակում՝ ջրալցվել էին մի շարք շենքեր, կային արգելափակված քաղաքացիներ։ Ծառայողները փրկարարական տեխնիկայի միջոցով տարհանեցին բնակիչներին և տեղափոխեցին անվտանգ գոտի։
Երրորդ սցենարային իրավիճակում Ալավերդի համայնքի բնակիչներն ահազանգել էին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ հաղորդել տարածքում զգացվող հոտի մասին։ Քիմիական ախտոտվածության գոտում վտանգի հնարավոր աղբյուրը և դրա տարածման մասշտաբը գնահատելու նպատակով քիմիական հետախուզական և արձագանքման խմբերն իրականացրեցին մշտադիտարկման ու նմուշառման աշխատանքներ։
«Կարևորելով ուսումնավարժությունների դերը՝ Փրկարար ծառայությունը մշտապես անցկացնելու է ուսումնական վարժանքներ, դասընթացներ, որպեսզի համագործակցության մակարդակը առավել բարձր լինի և, միաժամանակ, մեր կարողություններն առավել բարձր լինեն՝ հնարավորինս արագ արձագանքելու և վտանգավոր հետևանքները մեղմելու համար։ Մեր ցանկությունն է, որ այն ամենը, ինչ մենք տեսանք և կատարվեց, մնա բացառապես որպես ուսումնավարժություն»,- նշեց ՓԾ տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։
Ուսումնավարժությունը թույլ տվեց ստուգելու և փորձարկելու Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում գործելու և Ալավերդի համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանների կիրառելիությունը, ինչպես նաև ամրապնդելու ջրհեղեղի պայմաններում բնակչության պաշտպանության միջոցառումների արդյունավետ կազմակերպման և անցկացման ուղղությամբ կարողությունները։