Կայացել է պատանի հրշեջ-փրկարարների մրցույթը․ հաղթողը՝ Արարատի թիմն է
հունիսի 02 • 11:13, 2026
Ֆիզիկական պատրաստվածության ամրապնդում, գիտելիքների կատարելագործում, թիմային մտածողության ձևավորում։ Արդեն 14 տարի է՝ Պատանի հրշեջ-փրկարարների մրցաշարն իր շուրջն է համախմբում Երևանի և մարզերի պատանի հրշեջ-փրկարարներին՝ նպատակ ունենալով ձևավորել հրշեջ-փրկարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն։
Համապետական առաջնությունն այս անգամ Երևանում էր։ Մայրաքաղաքի և մարզերի 13 թիմերի մասնակիցները մրցում էին ձգումներ պտտաձողի վրա, հրում հատակից, փոխանցումավազք, համալիր վարժություններ մարզաձևերից։
«Ավանդույթի համաձայն՝ պատանի հրշեջ-փրկարարների մրցույթն անցկացվում է ամեն տարի։ Նպատակը ոչ միայն հրշեջ-փրկարարական մարզաձևի, այլ նաև որպես մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է»,-նշում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։
Առաջնությունը ապագա փրկարարների համար կարողությունները ներկայացնելու լավագույն հնարավորությունն է։
Մրցաշարի մասնակիցները նշում են, որ առաջնությունը մրցակցային պայքարից զատ նաև նոր ընկերներ ձեռք բերելու, անձնական կապեր հաստատելու հնարավորություն է։
«Պատանի հրշեջ-փրկարարների» համապետական առաջնության 2026 թվականի գավաթը նվաճեց Արարատի մարզի թիմը՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն, կամք և համախմբվածություն։ Լարված և մրցակցային պայքարի արդյունքում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կոտայքի մարզի, երրորդ տեղը՝ Լոռու մարզի թիմը։
Ամփոփելով առաջնության արդյունքները՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը շնորհավորելով մասնակիցներին՝ ընդգծեց երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, թիմային աշխատանքի և արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման ուղղությամբ նման միջոցառումների կարևորությունը։