ԼրահոսՏեսանյութեր

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

մայիսի 21 • 07:57, 2025

Աշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ 

Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: 

Սա սովորական վարժանք չէ. փրկվողներն ու փրկողները աշակերտներն են։ 

«Համագործակցելով դպրոցի տնօրինության հետ՝ մենք կազմակերպեցինք հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Թեման՝ երկրաշարժ, դրա հետևանքով առաջացած փլուզում, հրդեհ…»,-ներկայացնում է Սպիտակի ՀՓՋ հրամանատար, փոխգնդապետ Մատինյանը:

Հնչում է երկրաշարժի մասին ազդանշանը: Տարհանում են աշակերտներին, երեխաները խուճապահար այս ու այն կողմ են վազում, իսկ շենքում տուժածներ կան… 
Ժամանում է Սպիտակի հրշեջ-փրկարար ջոկատը՝ երկու մարտական հաշվարկ. ճիշտ կլինի ասել՝ աշակերտական հաշվարկ։ 

Առաջադրված խնդիրները կատարված են. աշակերտներն ու փրկարարները գոհ են, ներկաները՝ հիացած։ 

Ուսումնավարժանքի ավարտին ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմին, աշակերտներին, դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին՝ նման ձևաչափով ուսումնական վարժանք անցկացնելու համար: Նրա խոսքով՝ երկրաշարժի թեման հատկապես սպիտակցիների համար խիստ զգայուն է, և փրկարարների սովորեցրած  գիտելիքների օգնությամբ դպրոցականները արտակարգ իրավիճակներում կարող են ոչ միայն իրենց, այլև ուրիշների կյանքը փրկել:

88-ի երկրաշարժի ավերիչ հետևանքները տեսած Սպիտակի թիվ 2  հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Մաթոսյանը շնորհակալություն հայտնելով փրկարարներին՝ նշեց , որ ուսումնական վարժանքը կարևոր դաս էր դպրոցականների համար:  

Գործնական պարապմունքից հետո երաժշտական ու պարային կատարումներով հանդես եկան դպրոցի սաներն ու մանկավարժները:

Վարժանք-ցերեկույթն ավարտվեց խմբակային լուսանկարով։