ԼրահոսՏեսանյութեր

ՆԳՆ ՓԾ մարզային ստորաբաժանումների պարամեդիկները վերապատրաստվել են առաջին օգնության տրամադրման հմտություններում՝ պատրաստ լինելով արձագանքել ամենադժվար պահերին

հուլիսի 14 • 14:38, 2025

Հուլիսի 7-11-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների պարամեդիկները վերապատրաստվել են «Առաջին բուժօգնություն» թեմայով դասընթացի շրջանակներում:

ՓԾ բժշկական ապահովման վարչության կողմից անցկացված մասնագիտական դասընթացն ընդգրկում էր առաջին բուժօգնության կարևորագույն բաղադրիչները: Դասընթացը նպատակ ուներ զարգացնել մասնակիցների հմտություններն արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքելու համար՝ ապահովելով առաջնային օգնություն:

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվել են տակտիկական բժշկության սկզբունքներն ու տեսակավորումը՝ որպես կարևոր գործիք առաջին օգնության տրամադրման կազմակերպման համար։  Քննարկվել են վերքերի և վնասվածքների, ներառյալ արյունահոսությունների տեսակներն ու դրանց դադարեցման եղանակները, վիրակապերի ճիշտ ընտրությունն ու կիրառումը։

Թեմաների շարքում ընդգրկվել են նաև շոկի տեսակներն ու առաջին օգնությունը, արտաքին ազդակների ազդեցությունն օրգանիզմի վրա՝ այրվածքների, ճառագայթային ախտահարումների, հոսանքահարման, կայծակնահարման, ցրտահարության, ջրահեղձման դեպքում՝ նպաստելով մասնակիցների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում գործելու արագ, ճիշտ և արդյունավետ։

Մեծ ուշադրություն է դարձվել շնչուղիների անցանելիության վերականգնման հմտություններին։ Քննարկվել են շնչուղիների խցանման հիմնական պատճառները, դրանց վերացման եղանակները, օդամուղների տեսակները և կիրառման կանոնները, ինչպես նաև պնևմոթորաքսի տեսակները և առաջին օգնությունը՝ այդպիսով ընդգծելով առաջնային օգնության՝ կյանք փրկող նշանակությունը: Դասընթացում տեղ են գտել նաև սիրտ-թոքային վերակենդանացման քայլերը, որոնք պարամեդիկները գործնական պարապմունքների միջոցով ամրապնդել են՝ հստակ պատկերացում ունենալով ժամանակի կարևորության մասին նման իրավիճակներում։

Այս դասընթացի շնորհիվ մարզերից ժամանած պարամեդիկները ոչ միայն ստացել են նոր գիտելիքներ, այլև հնարավորություն ունեցել փոխանակելու փորձառություն, համագործակցելու միմյանց հետ և պատրաստ լինելու մարդասիրական առաքելության՝ ցանկացած պահի։