1700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը
հունիսի 22 • 16:39, 2026
Հունիսի 15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխա է ընկել Փամբակ գետը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։ Նրանք ոստիկանների հետ համատեղ Փամբակ գետի ողջ երկայնքով սկսել են լայնածավալ որոնողափրկարարական, դիտարկման և հետախուզական աշխատանքներ:
Նույն օրը ստացվել էր ևս մեկ ահազանգ․ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են մեկ շաբաթ՝ ամենօրյա ռեժիմով, դժվարանցանելի տեղանքում, ջրի ուժեղ հոսքի և ցածր տեսանելիության պայմաններում։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 1093 փրկարարական ծառայող, 626 ոստիկան, կամավորներ։ Օգտագործվել են ժամանակակից տեխնիկական միջոցներ՝ ստորջրյա տեսանկարահանող և անօդաչու թռչող սարքեր, նավակներ, մոտորանավակներ, ինչը թույլ է տվել աշխատանքների ողջ ընթացքում ապահովել առավել լայն դիտարկում։
Հունիսի 17-ին Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Ծառայողները բարդ և հոգեբանական ծանր պայմաններում շարունակել են 13-ամյա Նարինե Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ հեռավորության վրա, Փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է նրա մարմինը։
Որոնողական լայնամասշտաբ աշխատանքների համակարգվածությունն արտացոլում է ներգրավված ծառայությունների բարձր պատրաստվածությունն ու փոխգործակցության արդյունավետությունը: