նոյեմբերի 14 • 14:01, 2025
Վերապատրաստվել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխերի պետերը
Նոյեմբերի 10-ից 14-ը Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխերի պետերը մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված «Արտակարգ իրավիճակներում վտանգի առաջացման դեպքում օպերատիվ հերթապահների մասնագիտական պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթացին:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են օպերատիվ հերթապահության ընթացքում աշխատանքների կազմակերպմանն ու գործառույթներին, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի սպառնալիքի դեպքում, արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտում իրավական կարգավորման հիմնական սկզբունքներին ու միջազգային-իրավական հիմունքներին:
Ուսումնասիրել են արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի կազմակերպչական կառուցվածքի իրավական հիմունքները, ինչպես նաև միջպետական համագործակցության իրավական ասպեկտները:
Անդրադարձ է կատարվել արտակարգ իրավիճակների պայմաններում տեղեկատվական փոխգործակցությանը և ուժերի ու միջոցների համակարգմանը: Միևնույն ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունեցել վերլուծել տվյալ համակարգման ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները, այդ թվում՝ միջսահմանային և մարդասիրական արձագանքման ձևաչափերում։
Դասընթացը նպաստել է փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների խորացմանը, միջազգային փորձի փոխանակմանը և արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Դասընթացի ավարտին Կենտրոնի համատնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին մասնակիցներին հանձնել է հավաստագրեր: