հուլիսի 11 • 08:12, 2025
Արտակարգ իրավիճակներին արձագանքման պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված մարզային միջոցառումների ամփոփում
2025 թվականի հունիս ամսին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական ստորաբաժանումների կողմից Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ, որոնք ուղղված են եղել բարձրացնել բնակչության պատրաստվածության մակարդակը, զարգացնել պետական կառավարման, համայնքային և մասնավոր կառույցների պատրաստակամությունն ու արդյունավետ արձագանքման կարողությունները տարբեր արտակարգ իրավիճակներում և ամրապնդել համագործակցությունը։
Ստորաբաժանումների նախաձեռնությամբ և համակարգմամբ մարզերի տարբեր բնակավայրերի նախադպրոցական կրթական հաստատություններում, բժշկական կենտրոններում և կազմակերպություններում, գազալցակայաններում անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մանկապարտեզների անձնակազմի և երեխաների անվտանգության ապահովման մակարդակը՝ արտակարգ իրավիճակների, մասնավորապես՝ հրդեհների դեպքում ճիշտ արձագանքելու, անվտանգ տարհանման և արագ կողմնորոշման ունակությունների ձևավորման միջոցով։
Վարժանքներն ընդգրկել են հետևյալ սցենարները՝
• հրդեհների մարման և տարհանման աշխատանքներ վարչական շենքերում, արտադրական տարածքներում, պահեստներում, գազալցակայաններում և բազմաբնակարան շենքերում,
• երկրաշարժի հետևանքով առաջացած մասնակի փլուզումներ, փլատակներում հայտնված տուժածների որոնում, դուրսբերում և առաջին օգնության ցուցաբերում,
• գազի արտահոսքից բռնկված հրդեհների մարման գործողություններ,
• որոնողափրկարարական աշխատանքների իրականացում՝ Սևանա լճում ձկնորսական նավակի շրջվելու դեպքում։
Շտաբային և հրամանատարաշտաբային ուսումնավարժությունները միտված էին բնակչության պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ նպատակ ունենալով կատարելագործել ղեկավար կազմի, շտաբների և համապատասխան ծառայությունների գործնական ու կազմակերպչական կարողություններն արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության պաշտպանության միջոցառումների ժամանակին, համակարգված և արդյունավետ կազմակերպման ուղղությամբ, ապահովելով կառույցների միջև արագ արձագանքման և համագործակցության բարձր մակարդակ։
Վարժանքների թեմաները ներառել են ուժեղ երկրաշարժերի, անտառային հրդեհների, համաճարակների, սողանքների, ռազմական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացում, ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության անցման պայմաններում գործառույթների կազմակերպման վերաբերյալ հիմնահարցեր։
Կոտայքի և Տավուշի մարզերում իրականացվել են համալիր բնակչության իրազեկման ուղղված դասընթացներ։ Դասընթացների շրջանակում ընդգրկվել են ազդարարման, պատսպարման և տարհանման ընթացակարգերը, օդային տագնապի ազդանշանների ժամանակ վարքականոնները, ինչպես նաև հեղեղումների ժամանակ և դրանց հետևանքներից հետո անհրաժեշտ պաշտպանական գործողությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև դաշտերի և այգիների խոտի չվերահսկվող այրման պատճառած վնասներին և դրանց կանխարգելման կարևորությանը՝ բնապահպանական անվտանգության և բնակավայրերի պաշտպանվածության տեսանկյունից։
Լոռու մարզում իրականացվել են հրշեջ ավտոսանդուղքի կիրառմամբ բարձրությունների վրա հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ գործնական պարապմունքներ, որոնք միտված են եղել հրշեջ-փրկարարական ուժերի մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, բարդ պայմաններում աշխատանքների իրականացման ունակությունների կատարելագործմանը։
Նախագծված վարժանքներն ու պարապմունքները կարևոր դեր են խաղում արտակարգ իրավիճակների կանխարգելման և ճգնաժամային իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքելու կարողությունների զարգացման գործում։ ՀՀ մարզերում իրականացված այս միջոցառումները նպաստում են ինչպես բնակչության իրազեկվածության բարձրացմանը, այնպես էլ համապատասխան ծառայությունների պատրաստվածության և փոխգործակցության բարելավմանը։