Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում
մայիսի 15 • 08:19, 2025
Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։
Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա…
Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում մնացած մեքենայից դուրս բերեին տուժած քաղաքացուն։
«Ուսումնավարժությանը ներգրավված են երեք մարտական հաշվարկ՝ Եղեգնաձորի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատները, ոստիկանության, պարեկային ծառայության աշխատակիցները, շտապօգնության աշխատակիցները, էլեկտրացանցի և գազի ծառայության հերթապահությունները և Կարմիր խաչի կամավորները»,-ներկայացնում է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը:
Եղեգնաձորի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատները նախ հյուրանոցից դուրս բերեցին երկրաշարժից տուժած քաղաքացներին և տեղափոխեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայի մոտ, այնուհետև 3-րդ հարկից պարանային տեխնիկայի միջոցով դուրս բերեցին արգելափակված անձանց, որոնց նույնպես առաջին բուժօգնություն ցուցաբերվեց։
Փրկարարները զգուշությամբ մասնատեցին փլատակում մնացած ավտոմեքենան և դուրս բերեցին տուժած քաղաքացուն։ Արագությամբ հանգցրին նաև հյուրանոցի 3-րդ հարկում բռնկված հրդեհը։
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Հակոբ Սարգսյանի խոսքով՝ ուսումնական վարժանքները փրկարարների ամենօրյա ծառայության բաղկացուցիչ մասն են, իսկ հրամանաշտաբային վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել կարողությունները, մատնանշել բացթողումները և կատարելագործել հմտությունները:
Առաջադրանքը կատարված է լիարժեք: Նման միջոցառումները կարևոր են և՛ փրկարարների պատրաստվածության, և՛ հասարակության պաշտպանվածության ու ճգնաժամային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար։
Վերջում բարի ցանկությամբ՝ թող բոլոր երկրաշարժերն ու դեպք-պատահարները միայն վարժանքներ լինեն։