Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ե. Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբը Լոռու մարզային փրկարարական վարչությունում էր
հոկտեմբերի 22 • 08:22, 2024
Հոկտեմբերի 16-ից 18-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով Լոռու մարզային փրկարարական վարչությունում էր։
Աշխատանքային խմբում ընդգրկվել էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետներ, ովքեր ըստ նախանշված ուղղությունների, իրականացրեցին ուսումնասիրություններ, ինչպես նաև անցկացրեցին դասընթաց ենթակա անձնակազմի հետ:
Այցի ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալն անցկացրեց շարային ստուգատես, որի ժամանակ ստուգվեցին ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, համազգեստի կրման կանոններին համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, ընդհանուր պատրաստվածությունը, ինչպես նաև կարևորելով տագնապային պայուսակների առկայությունը՝ ստուգվեցին դրանցում անհրաժեշտ իրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Իրականացվեց նաև շարժական հիդրոմետ կայանի դիտարկում-փորձարկում:
Աշխատանքային խումբը, այցի ընթացքում, եղավ նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատներում, ծանոթացավ հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակին և սարքինությանը, հայտարարեց ուսումնական տագնապ և տեղում հետևեց հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից անցկացվող մարտական բացազատման և հրդեհաշիջման աշխատանքներին։
Այնուհետև մարզային փրկարարական վարչությունում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, ՓԾ տնօրենի տեղակալին ներկայացվեցին վարչության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքները և ընթացքը, քննարկվեցին վարչության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև նախկինում հայտնաբերված թերությունների, խնդիրների շտկման և վերացման գործընթացին, վեր հանվեցին նոր խնդիրներ և մարտահրավերներ:
Գնդապետ Կարապետյանը տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ ծառայությունն առավել համակարգված, արդյունավետ և օպերատիվ կազմակերպելու նպատակով:
Աշխատանքային խումբն, ի լրումն նախապես ծրագրած միջոցառումների, այցի շրջանակներում իրականացրեց նաև գիշերային ստուգայցեր, որոնց ընթացքում ստուգվեց ծառայողների մարտական պարտրաստականության վիճակը։
Կարևորելով տարածքային ստորաբաժանումներում մասնագիտական և մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքները՝ նմանատիպ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ: