ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
ԼրահոսՏեսանյութեր

Դաշտային վարժանք՝ խաղարկային սցենարով․ Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմը զարգացնում է կարողությունները

նոյեմբեր 13 2026

Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, օպերատիվ արձագանքելու  կարողությունները ձևավորվում ու կատարելագործվում են շարունակական ուսումնավարժանքների և գործնական խնդիրների իրականացման միջոցով։

ՆԳՆ Փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմերը հաջորդաբար իրականացնում են ԻՆՍԱՐԱԳ-ի պահանջներին համապատասխան դաշտային ուսումնավարժանքներ՝ ուղղված որոնողափրկարարական գործողությունների կազմակերպման և իրականացման հմտությունների զարգացմանը։ Հերթականը Վանաձորում՝ Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմի մասնակցությամբ իրականացված դաշտային վարժանքն էր:

Ուսումնավարժանքի ընթացքում Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմը խաղարկել է Երևանում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար:

Սահմանվել են աշխատանքային տեղամասերը և պայմանական աղետի գոտիները ՝ բնակելի շինություններ, արտադրական տեղամասեր և ստորգետնյա պահեստներ:

Ստանալով տագնապի ազդանշանը, որոնողափրկարարական թիմի անձնակազմը իրականացրել է նախնական խորհրդակցություն, հստակեցրել առաջադրված խնդիրներն ու գործողությունների իրականացման հաջորդականությունը:

Աղետի գոտում հրշեջ-փրկարարների իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում բարձրահարկ շինությունում հայտնաբերվել են արգելափակված անձինք:

Արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հաջողվել է անվտանգ տարհանել և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել  տուժածներին:

«Նման ուսումնավարժությունը հնարավորություն է տալիս գործնականում ստուգել թիմի իրական և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը, գնահատել խմբային աշխատանքի արդյունավետությունը և մասնագիտական գիտելիքների հմտությունը»- նշում է ՆԳՆ ՓԾ Լոռու ՄՓՎ պետ Սերոբ Գաբրիելյանը։

Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկված յուրաքանչյուր իրավիճակ ևս մեկ հնարավորություն է զարգացնելու թիմային փոխհամագործակցությունը և հետագա մարտահրավերներին պատշաճ պատրաստվածությունը, ինչպես նաև  ամրապնդելու հրշեջ-փրկարարների  օպերատիվ մտածողությունն ու զգոնությունը։