ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պաշտոնական լուրեր
ապրիլ 20 2026

Քննարկվել են փրկարարական ծառայողների կարողությունների կատարելագործման ուղղությունները․ Փրկարար ծառայության տնօրենը աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ապրիլի 17-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, իսկ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատ։

Փրկարար ծառայության տնօրենը ծանոթացել է ջոկատների սպասարկման տարածքների առանձնահատկություններին, ծառայության կազմակերպման աշխատանքներին, ստորաբաժանումների շենքային պայմաններին ու մարտավարատեխնիկական հնարավորություններին։

Ծառայության տնօրենի գնահատմամբ՝ հրշեջ-փրկարարների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է նրանց մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների շարունակական կատարելագործումից։

Այդ համատեքստում նա ընդգծել է տարբեր սցենարների վրա հիմնված պարբերական վերապատրաստումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակը և նպաստել արձագանքման ժամանակի կրճատմանը։

Քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ինչպես նաև փրկարարական ծառայողների կարողությունների կատարելագործման ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։

Արամ Ղազարյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման և ծառայության որակի շարունակական բարելավման ուղղությամբ։